
Ասպինձա-Ախալքալաք ճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը ծանր վիրավորվել է։
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին, երեկոյան։ Լևան Սամխարաուլիի անվան Ախալցիխեի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի փորձագետ Դավիթ Մերաբիշվիլիի խոսքով՝ «մարմնի փորձաքննությունն արդեն անցկացվել է։ Մահացածը 2008 թվականին ծնված է»։
Ախալքալաքի կլինիկա է տեղափոխվել մեկ վիրավոր։ Ինչպես մեզ բացատրեցին կլինիկայում, երիտասարդը ողնաշարի կոտրվածք ուներ։ Նրան այսօր տեղափոխել են Թբիլիսի։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասով, որը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտմանը, որը հանգեցրել է մարդու կյանքի կորստի։ Վերոնշյալը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով։