
Վերջերս հրապարակվել են ՆԱՍԱ-ի աջակցությամբ իրականացված նոր հետազոտության տվյալները։ Գիտնականները եկել են այն եզրակացության, որ Գրենլանդիայի սառցադաշտերի հալոցքն անսպասելի օվկիանոսային գործընթաց է սկսում և փոխում էկոհամակարգը։ Սառույցի հալվելը հանգեցնում է նրան, որ հալոցքային ջրերի հետ մակերևույթ են բարձրանում սննդանյութեր, որոնք սնուցում են ֆիտոպլանկտոնը։
Միջազգային հետազոտողների կողմից ներկայումս վերահսկվող մեկ այլ երևույթ ավելի մեծ մտահոգություն է առաջացնում: Գրենլանդիայի խոշորագույն սառցադաշտերից մեկում՝ 79°N-ում, տեղի է ունենում վտանգավոր գործընթաց, որը կարող է հանգեցնել դրա անկայունությանը: Այդ մասին օգոստոսին հայտնել է DPA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Բրեմերհաֆենի Ալֆրեդ Վեգեների անվան բևեռային և ծովային հետազոտությունների ինստիտուտի գիտնականներին։
Սառցադաշտի մակերեսին գնալով ավելի շատ հալոցքային ջուր է կուտակվում։ DW-ն հաղորդում է, որ այժմ այս կուտակումից առաջացել է մոտ 21 քառակուսի կիլոմետր մակերեսով մեծ լիճ։ Մի քանի անգամ դրանից դուրս եկող ջուրը հոսել է ներքև՝ սառցե զանգվածում ճաքեր և անցքեր առաջացնելով։ Հսկայական հոսանքները ավելի խորն են հոսել դեպի օվկիանոս։
Գիտնականներն ընդհանուր առմամբ արձանագրել են լճի նմանատիպ յոթ «ճեղքում», որոնցից չորսը՝ վերջին հինգ տարում։ 2019 թվականից ի վեր հետազոտողները նման գործընթացներից հետո 79°N-ի մակերևույթի վրա նկատում են ճեղքվածքներին հատուկ եռանկյունաձև դաշտեր։ Դրանցից մի քանիսը վերածվում են մի քանի տասնյակ մետր լայնությամբ ջրանցքների։ Այդ ջրանցքներով ջուրը հասնում է սառցադաշտային վահանի հիմքին, որտեղ ստորգետնյա լճեր են ձևավորվում։ Ռադիոլոկացիոն պատկերները ցույց են տալիս, որ սառույցի տակ գտնվող այդ լճերից մեկում հայտնվել է «փուչիկային» խոռոչ, որն այդ վայրում սառցադաշտն ավելի է բարձրացնում։
Հետազոտողների խոսքով՝ սառույցի կառուցվածքային փոփոխությունները կարող են շատ երկար պահպանվել և առայժմ պարզ չէ, թե արդյոք սառցադաշտը կկարողանա վերադառնալ իր նախկին վիճակին։
Գրենլանդիայի սառցաշերտը նվազում է 1990-ականների կեսերից։ Ժամանակին այստեղ բազմաթիվ լողացող սառցադաշտային «լեզվակներ» են եղել, բայց այժմ մնացել են միայն երեքը, որոնցից մեկը 79°N-ն է։
Գիտնականները նախազգուշացնում են, որ նման սառցադաշտերի կայունության կորուստը վտանգավոր է ամբողջ մոլորակի կլիմայի համար։ Եթե դրանք սկսեն ավելի արագ փլուզվել, սառույցի հսկայական զանգվածներ կհայտնվեն օվկիանոսում, ինչը կհանգեցնի դրա մակարդակի բարձրացման։ Իր հերթին, դա սպառնում է ափամերձ տարածքների ջրհեղեղներով և ամբողջ աշխարհում եղանակային էքստրեմալ երևույթների ուժեղացմամբ։
Սառցադաշտերի հալման վրա ազդում է նաև Եվրոպայում տիրող անոմալ շոգը։
Աղբյուրը՝ news.am