Ախալքալաքից մինչև Երևանի թատերական բեմեր

Ախալքալաքից մինչև Երևանի թատերական բեմեր

Դերասանուհի Էմմա Մկրտչյանը, ով ծնվել է Ախալքալաքի Մերենիա գյուղում և արդեն երկար տարիներ ապրում ու ստեղծագործում է Երևանում, իր նվիրվածությամբ, աշխատասիրությամբ ու երազանքներին հավատալու ուժով կարողացել է հասնել բեմի բարձունքներին։ Այսօր նա միաժամանակ աշխատում է երեք թատրոնում և հեռուստասերիալում՝ շարունակելով պահել կապը հայրենի գյուղի հետ ու երազել արվեստի դպրոցի մասին, որը մի օր հաստատ կդառնա իրականություն։

Էմմա Մկրտչյանը ծնվել է 1991թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետի Մերենիա գյուղում, սակայն 10 տարեկանից ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Ավարտել է Աշոտ Նավասարդյանի անվան 196 դպրոցը, այնուհետև ընդունվել Երեւանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ։ Սովորել է Արմեն Խանդիկյանի արվեստանոցում, ուսմանը զուգահեռ Էմման ընդունվում է Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոն։

Ինչպես նշում է էմման իր ընտանիքում տիրել է սերը, ծնողները իրեն տվել են ամենն ինչ՝ ամենակարևորը երազել։ Նրա ծնողները երեխաներին լավ կրթություն տալու համար, տեղափոխվել են Հայաստան։

Էմման նաև խոսեց դժվարությունների մասին․ «Դժվարություններ իհարկե եղել են մասնագիտություն ընտրելիս, ես չեմ ցանկացել լինել միջակություն, դերասանական գործում կամ վատն ես լինում կամ լավը։ Սովորել եմ այնքան, որ հասնեմ բարձունքների ու ծնողներս հպարտանան իմ հաջողություններով»,– ասաց դերասանուհին։

Այս պահին Էմման աշխատում է 3 թատրոնում՝ Հր. Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնում, Թատրոն Տանիքում եւ Շունչ թատրոնում եւ Արմենիա հեռուստաընկերությունում, նկարահանվում է «Վերջին զանգը» հեռուստասերիալում։

Էմման ընդգծեց, որ դեռևս ապագայի պլանների մասին հստակ բան դեռ չի կարող ասել, բայց աշխատում է ներգրավված լինել շատ ներկայացումներում և նախագծերում։

«Ես սիրում եմ իմ մասնագիտությունը ու նվիրված եմ ամբողջ հոգով։ Իմ կյանքի ամենադժվար իրավիճակներում, թատրոնն ինձ պահել է սթափ, որ չկորցնեմ ինքնատիրապետումս և հավատս։ Փառք Աստծո իմ կողքին շատ հավատարիմ ու նվիրված մարդիկ կան, որոնց ես սիրում եմ ու շնորհակալ եմ փոխադարձ սիրված լինելու համար»,- ասաց նա:

Նա հաճախ է խոսում երիտասարդների կարիքների, ինքնադրսևորման և երազանքների մասին։ Իր փորձով համոզված է, որ կյանքը պետք է ապրել ազնիվ՝ հավատարիմ մնալով սեփական զգացմունքներին ու սկզբունքներին։ Էմմայի համոզմամբ՝ հենց դա է հաջողության և ներքին ներդաշնակության բանալին։

«Երազանքները իրականանում են, եթե ունես ձգտում և աշխատասիրություն», – ընդգծում է նա՝ վստահեցնելով, որ ամեն ինչ հնարավոր է, երբ մարդ հավատում է իր ներուժին։

Չնայած զբաղված առօրյաին, նա շարունակում է կապը հայրենի գյուղի հետ։ Նրա համար այդ կապը պարզապես հուշ չէ, այլ կենդանի, շարունակվող ներկայություն. «Հայրական տունը դեռ պահում ենք, չենք վաճառել, շուտով գյուղ եմ գնալու» ասում է Էմման։

Նախկինում Էմման նաև ցանկացել է արվեստի դպրոց հիմնել՝ ստեղծել մի վայր, որտեղ երեխաները կկարողանան բացահայտել ու զարգացնել իրենց ստեղծագործական կարողությունները։

Թեպետ այժմ ժամանակը թույլ չի տալիս կյանքի կոչել այդ նախագիծը, նա հուսով է՝ «մի գեղեցիկ օր» այս երազանքն էլ կդառնա իրականություն։