
Հոկտեմբերի 4-ին Վրաստանում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ:
Արևմտամետ ընդդիմության մեծ մասը չի մասնակցում այս ընտրություններին։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունն ըստ վիճակագրության ավանդաբար ցածր է խորհրդարանական ընտրությունների համեմատ, քանի որ այս ընտրությունները չեն փոխում երկրի կենտրոնական կառավարությունը։ Սակայն, ըստ ԿԸՀ-ի, մասնակցությունը տարիների ընթացքում աճել է, մասնավորապես.
2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ
Հոկտեմբերի 4-ին Վրաստանի ողջ տարածքում կանցկացվեն ընտրություններ, որոնց ընթացքում ընտրվելու են 64 քաղաքապետ և 64 խորհրդի անդամ՝ 2058 տեղի համար: ԿԸՀ-ի տվյալներով՝ կբացվի ընդհանուր առմամբ 3051 ընտրատեղամաս:
Համամասնական համակարգի շեմը բարձրացվել է մինչև 4% թե՛ Թբիլիսիում, թե՛ շրջաններում:
Մեծամասնական ընտրակարգի անդամների թիվը զգալիորեն աճել է, իսկ համամասնական ընտրակարգով բաշխվող մանդատների թիվը՝ նվազել:
Թբիլիսիի 50 անդամից բաղկացած քաղաքային խորհրդում մանդատները հավասարապես կբաշխվեն համամասնական և մեծամասնական կանոններով. մեծամասնական մանդատների թիվը 10-ից աճել է մինչև 25, իսկ համամասնական ընտրակարգով ընտրվածների թիվը 40-ից նվազել է մինչև 25։ Այլ ինքնավար քաղաքներում (Քութայիսի, Բաթումի, Ռուսթավի, Փոթի) խորհուրդների անդամների թիվը 35-ից նվազել է մինչև 25, որոնցից 10-ը՝ մեծամասնական ընտրակարգով (7-ի փոխարեն), իսկ 15-ը՝ համամասնական ընտրակարգով (28-ի փոխարեն)։
Ինքնակառավարվող համայնքների խորհուրդներում մեծամասնական ներկայացուցիչների բաղադրիչը զգալիորեն աճել է և գերազանցում է համամասնականը։ Համամասնական ընտրակարգով ընտրվում է ընդամենը 15 անդամ, մինչդեռ մեծամասնական ընտրակարգով ընտրվում է մեկ անդամ յուրաքանչյուր գյուղից, ավանից կամ քաղաքից, որը մտնում է այդ ինքնակառավարվող համայնքի կազմի մեջ։ Ընտրողների թվից կախված՝ ինքնակառավարվող համայնքի վարչական կենտրոնում կարող է ուղղակիորեն ընտրվել նաև հինգ մեծամասնական ներկայացուցիչ։
Համաձայն 2024 թվականի մայիսին խորհրդարանի հաստատած մեկ այլ փոփոխության՝
Մանդատներ
Փետրվարին ընդդիմադիր 49 պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին:
Այս ընդդիմադիր կուսակցությունները 2024 թվականի հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքները ցույց տվեցին, որ «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքել է ձայների մեծամասնությունը (89 մանդատ), համարում են ոչ լեգիտիմ։
Դադարեցված պատգամավորական մանդատներից 19-ը «Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումից են, 16-ը՝ «Միացյալ ազգային շարժում»-ից և 14-ը՝ «Ուժեղ Վրաստան»-ից: Նրանք մանդատներից հրաժարվել են ինքնակամ:
Ընդդիմությունը 11-րդ խորհրդարանը հայտարարել է ոչ լեգիտիմ, հրաժարվել է ծառայել օրենսդիր մարմնում և պահանջում է նոր ընտրություններ՝ բարելավված ընտրական միջավայրում։
Մեկ այլ ընդդիմադիր կուսակցություն՝ «Գախարիան Վրաստանի համար»-ը, ըստ ընտրությունների պաշտոնական արդյունքների, 150 անդամից բաղկացած խորհրդարանում ստացավ 12 մանդատ, որոնք, սակայն, ըստ «Վրացական երազանք»-ի՝ դադարեցվեցին նիստերից անհարգելի բացակայության պատճառով:
Ընդդիմադիր կուսակցությունների մասնակցություն
Ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը և «Լելո — Ուժեղ Վրաստան» կոալիցիան շաբաթներ առաջ ստորագրեցին համագործակցության հուշագիր ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ: Համաձայնագրի նախնական սկզբունքները ենթադրում են քաղաքական միավորումների համակարգում և համագործակցություն 2025 թվականի հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտարարությունից հետո կոալիցիայի որոշ անդամներ լքեցին իրենց պաշտոնները։
Երկու խոշոր քաղաքական կուսակցություն՝ «Միացյալ ազգային շարժում»-ը և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ը, որոնք 2024 թվականին ընդդիմադիր կուսակցությունների շարքում ունեին համեմատաբար լավ արդյունքներ, կորցրել են իրենց ընտրական համարները։ Պատճառն այն է, որ նրանք հրաժարվել են մասնակցել 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։
ԿԸՀ-ում գրանցված 17 կուսակցություններից երեքը չեն ստացել ընտրություններին մասնակցելու իրավունք, «քանի որ չեն բավարարել օրենքով սահմանված պահանջները»։ Համապատասխանաբար, ընտրություններին կմասնակցի 14 կուսակցություն։
Ընտրական սուբյեկտներին շնորհվել են հետևյալ համարները.
Կուսակցական ցուցակների, մեծամասնական և քաղաքապետի թեկնածուների ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 4-ն է, դրանից հետո, ըստ ԿԸՀ ժամանակացույցի, կսկսվի փաստաթղթերի ստուգման և գրանցման գործընթացը։
Ընդդիմության՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու որոշումից հետո, փորձագետների, հասարակության և միջազգային հանրության շրջանում երկու հիմնական կարծիք ձևավորվեց. մեկն այն էր, որ ընտրություններին մասնակցելը սխալ որոշում է, ինչը նշանակում է, որ փաստացիորեն ընդունում են «Վրացական երազանք»-ի կառավարության լեգիտիմությունը, մյուս մասը կարծում է, որ այս ընտրությունները շատ կարևոր փորձություն են վրացական ժողովրդավարության համար, և մասնակցությունն անհրաժեշտ է:
Մասնավորապես, օրինակ «Լելո — Ուժեղ Վրաստան»-ի անդամ Անա Նացվլիշվիլին նշել էր՝ «տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հարցում միասնականության հասնել հնարավոր չեղավ։ Սա շատ վատ է։ Կարծում եմ, վերը նշված ձևաչափը եթե հաստատվեր, իրադարձությունները կզարգանային այլ կերպ՝ բոլոր ուղղություններով»:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտ»-ի (DRI) հիմնադիր, Վրաստանի հանրային նախկին պաշտպան Ուչա Նանուաշվիլին ևս ընդգծել էր, որ այս դեպքում ընդդիմությունը պետք է միասնական գործեր. նրա կարծիքով` սա առաջին հերթին կվնասի ընդդիմությանը, և նրանք շուտով կզգան դրա հետևանքները:
Միաժամանակ, ՏԻՄ ընտրություններին ընդդիմության մասնակցությունը դրական էր գնահատել Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախկին պետնախարար, կոնֆլիկտաբան Պաատա Զաքարեիշվիլին: Զաքարեիշվիլիի կարծիքով, սա շատ կարևոր փորձություն է վրացական ժողովրդավարության համար, և մասնակցությունն անհրաժեշտ է, իսկ կուսակցության շարքերում անհամաձայնություններ միշտ են լինում, և դա բնական երևույթ է:
Նախկին դիվանագետ և պետական ծառայող Դավիթ Չխեիձեն գրել է, որ ««Լելո»-ն և «Գախարիան Վրաստանի համար»-ը վստահում են «Վրացական երազանք»-ի ղեկավարած ընտրական գործընթացին, մինչդեռ միջավայրը ազատ չէ`«ռեպրեսիվ» է:
Նրա կարծիքով` եթե կա մարտադաշտ, ապա համատեղ մասնակցությունը կլիներ լավագույն լուծումը, բայց այլ դեպքերում չմասնակցելն այլընտրանք չուներ:
Իսկ Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը դիմադրության շարժման առաջնորդներից է, ընտրություններն անվանում է «ժամանակի վատնում», որը «պառակտել է ընդդիմությանը և թուլացրել բողոքի ցույցը»։
Քաղաքապետի թեկնածուներ
«Վրացական երազանք»-ը ներկայացրել է շրջանների քաղաքապետերի թեկնածուներին: Արդեն երրորդ անգամ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Կախա Կալաձեն:
Ախալքալաքում քաղաքապետի թեկնածուն այժմ այդ պաշտոնը զբաղեցնող Մելքոն Մակարյանն է, Նինոծմինդայում` կրկին Անիվարդ Մոսոյանը, Ախալցիխեում՝ Վառլամ Ծիկլաուրին, Ադիգենիում՝ Գոչա Քիմաձեն, Ասպինձայում՝ Ռոստոմ Մաղրակվելիձեն, Բորջոմիում՝ Մամուկա Գելաշվիլին:
Ինչ վերաբերում է Քվեմո Քարթլիին, Ռուսթավիում քաղաքապետի թեկնածուն է Նինո Լացաբիձեն, Գարդաբանիում՝ Դավիթ Կարգարեթելին, Դմանիսիում՝ Կոբա Մուրադաշվիլին, Ծալկայում՝ Իլիա Սաբաձեն, Մառնեուլիում՝ Դաուր Իսմայիլովը, Թեթրիծղարոյում՝ Միխեիլ Ափցիաուրին, Բոլնիսիում՝ Զամուրի Չիտանավան:
«Գախարիան Վրաստանի համար» և «Լելո» կուսակցությունները Թբիլիսիի քաղաքապետի համատեղ թեկնածու են առաջադրել Իրակլի Կուպրաձեին. Կուպրաձեն «Լելո»-ի գլխավոր քարտուղարն է։
Էլեկտրոնային եղանակով ՏԻՄ ընտրություններ
ՏԻՄ ընտրություններն առաջին անգամ կանցկացվեն էլեկտրոնային եղանակով, ինչպես 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները։
Ընտրողների 90%-ը (2284 ընտրատեղամասերում) կրկին կմասնակցի էլեկտրոնային ընթացակարգերով, մինչդեռ մնացած 10%-ը (767 ընտրատեղամասերում) կմասնակցի ավանդական ձևով։
Դիտորդական կազմակերպություններ/ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրավիրված չէ
2025 թվականի հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները «Վրացական երազանք»-ի իշխանության գալուց ի վեր առաջինն են, որ Թբիլիսին չի հրավիրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների կազմակերպություն) ընտրությունների դիտորդական առաքելությանը, որի եզրակացություններն ամենահուսալի կողմնացույցն են ամբողջ միջազգային հանրության համար։
Միակ նախորդ դեպքը, երբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ինքը առաքելություն չի ուղարկել, 2014 թվականն էր՝ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո ստեղծված ներքին ֆինանսական խնդիրների պատճառով։
Հատկանշական է, որ «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) կազմակերպությունն էլ իր հերթին հայտարարել է, որ կազմակերպությունը ևս չի դիտարկելու 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրությունները ստանդարտ դիտորդական առաքելությամբ և մեթոդաբանությամբ։ Ինչպես նշել է դիտորդական կազմակերպությունը, պատճառը երկրում ստեղծված միջավայրն է՝ «ազատ, արդար և մրցակցային ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ պայմանները հիմնականում չեն ապահովվում»։
Գնահատելով ընտրական միջավայրը` ISFED-ը հայտնել է, որ Վենետիկի հանձնաժողովի ընտրական նորմերի օրենսգրքի երեք պայմանները, որոնք ներառում են հիմնարար իրավունքների հարգումը, ընտրական օրենսդրության կայունությունը և ընթացակարգային երաշխիքների առկայությունը, մեծ մասամբ չեն ապահովվում, ինչը զգալիորեն սահմանափակում է ազատ, արդար և մրցակցային ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։