
Չինական Տյանցզին նավահանգստային քաղաքում ընթանում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) 25-րդ գագաթնաժողովը։ Միջոցառումը խոստանում է լինել ամենամեծը կազմակերպության պատմության մեջ. դրան մասնակցում են ավելի քան 20 երկրների և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ Չինաստանը հանդես է գալիս որպես հյուրընկալող երկիր և ՇՀԿ նախագահ։
Ուշադրության կենտրոնում են երկարաժամկետ զարգացման ռազմավարության հաստատումը, տնտեսական գործընկերության ամրապնդումը և անվտանգության ոլորտի համակարգումը։
Վայրը Չինաստանի հյուսիսում գտնվող Տյանցզին քաղաքն է։ Քաղաքը Չինաստան-Մոնղոլիա-Ռուսաստան տնտեսական միջանցքի հանգույցն է և «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» ու «21-րդ դարի ծովային մետաքսի ճանապարհի» նախաձեռնությունների հատման կետը։
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը։ Բելառուսը կազմակերպությանը պաշտոնապես միացել է 2024 թվականի հուլիսի 4-ին՝ Աստանայի գագաթնաժողովում: Դիտորդ երկրներն են՝ Աֆղանստանը և Մոնղոլիան, իսկ ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Շրի Լանկան: