Ջրագծերի վերափոխման պատճառով Ազատության փողոցը փոշու մեջ է

Ջրագծերի վերափոխման պատճառով Ազատության փողոցը փոշու մեջ է

Նինոծմինդայի  Ազատություն և Հովսեփյան փողոցների խաչմերուկից վերև ընկած հատվածը ամբողջությամբ պատված է փոշով։ Փոշու մեծ քանակությունը պայմանավորված է փողոցում իրականացվող ջրագծերի վերանորոգման աշխատանքներով։

Թեև այս աշխատանքներն անհրաժեշտ են ենթակառուցվածքների բարելավման համար, դրանց կատարման ընթացքը, բնակիչների կարծիքով, չի հաշվի առնում շրջակա միջավայրի պահպանման և մարդկանց հարմարավետության պահանջները։

«Փողոցը գրեթե չի մաքրվում, իսկ բարձրացող փոշին տարածվում է ամբողջ տարածքով՝ նստելով տների պատուհաններին, ավտոմեքենաների վրա»,- նշեց անցորդներից մեկը։

«Քանի որ փողոցը կենտրոնական է, այստեղի երթևեկությունը շատ ինտենսիվ է, մեծ քանակությամբ մեքենաներ անդադար անցուդարձ են անում։ Այդ պատճառով փողոցը մշտապես լի է փոշով և աղբով։ Մեքենաները բարձր արագությամբ անցնելով՝ օդ են բարձրացնում փոշին, որն ավելի է բարդացնում անցուդարձը»,- ասաց վարորդներից մեկը։

Բնակիչները դժգոհելով նշեցին, որ հնարավոր էր այս ամենն իրականացնել ավելի կազմակերպված՝ նախապես ջրելով տարածքը, ապա անցնելով շինարարական աշխատանքներին։

Հարկ է նշել, որ Նինոծմինդայում ընթացող ջրագծերի վերափոխման աշխատանքների հետևանքով մոտ 1 տարի է փողոցներում զգալիորեն ավելացել է փոշին։

Տեսանյութ․

Կարդացեք նաև․

Նինոծմինդայի փոշոտ փողոցները․ Բնակիչներն առաջարկում են պարզ լուծում՝ ջրցան մեքենա