
Գիտնականները անսպասելի օրինաչափություն են հայտնաբերել. ամուսինների հոգեկան խանգարումներն ավելի հաճախ են համընկնում, քան նախկինում կարծում էին: Հետազոտողների միջազգային խումբը վերլուծել է Թայվանում ավելի քան հինգ միլիոն զույգերի և Դանիայում ու Շվեդիայում ավելի քան մեկ միլիոն ընտանիքների տվյալները: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature Human Behaviour (NHB) բժշկագիտական հանդեսում:
Վերլուծությունը միաժամանակ ինը տեսակի հոգեկան խանգարումների փոխկապակցվածություն է ցույց տվել, և այդ ազդեցությունը պահպանվում է մի քանի սերունդների ընթացքում: Միևնույն ժամանակ, նմանատիպ պատկեր է նկատվել տարբեր մշակույթներում, ինչը վկայում է երևույթի գլոբալ բնույթի մասին:
Հետազոտության հեղինակները նշում են, որ ամուսինների հոգեկան վիճակների համընկնումը կարող է մեծացնել հիվանդությունների տարածվածությունը, ազդել միաժամանակյա ախտորոշումների առաջացման վրա և աղավաղել գենետիկական գործոնների գնահատականները: Նրանց կարծիքով՝ այդ տվյալներն անհրաժեշտ է հաշվի առնել կանխարգելիչ միջոցառումներ պլանավորելիս և հոգեկան խանգարումների բուժման եղանակներ մշակելիս:
Ավելի վաղ գիտնականները ցույց են տվել նաև, որ հարաբերություններում նույնիսկ հուզական կախվածության մեղմ ձևերը կարող են բացասաբար ազդել ճանաչողական գործառույթների վրա՝ վատթարացնելով ոչ միայն հոգեկան վիճակը, այլև հիշողությունը: