Նորաշեն թաղամասում կրկին կոյուղու խցանման խնդիր է առաջացել

Նորաշեն թաղամասում կրկին կոյուղու խցանման խնդիր է առաջացել

Նինոծմինդայի Նորաշեն թաղամասի Պարույր Սևակ փողոցում արդեն մի քանի օր է՝ կոյուղին խցանվել է, ինչի հետևանքով կեղտաջրերը դուրս են եկել և լցվել փողոց։ Տեղի բնակիչներից մեկի խոսքով՝ փողոցում տարածվել է գարշահոտ, և իրավիճակը օր օրի վատթարանում է։

«Մի քանի օր է՝ չենք կարող պատուհան բացել։ Ջուրը լցվել է փողոց, ու եթե այսպես շարունակվի, շատ շուտով կլցվի մեր բակերը», – ասում է փողոցի բնակիչը։

Բնակիչը նաև նշում է, որ սա առաջին դեպքը չէ, նույն հատվածում կոյուղին պարբերաբար խցանվում է։ Չնայած նախկինում իրականացված վերանորոգման աշխատանքներին՝ որոշ ժամանակ անց խնդիրն ի հայտ է գալիս կրկին։

Խնդրի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղի ղեկավար Արկադի Կվատաշիձեից, սակայն վերջինս հրաժարվեց հարցազրույց տալ։