
Սամցխե-Ջավախեթիի հայաբնակ գյուղերում ավանդույթ է դարձել յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին Հայկական կրթական հիմնադրամից (ՀԿՀ) ստանալ դպրոցական պարագաներով համալրված պայուսակներ՝ կրթաթոշակային ծրագրերի հետ մեկտեղ։ Այս տարին նույնպես բացառություն չէր: Օգոստոսի 21-22-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Ալաստան, Գոկիո, Բուռնաշեթ, Ղադո և Գոման գյուղերի 325 աշակերտներ ստացան դպրոցական պայուսակներ։ Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀԿՀ կրթաթոշակառուները։
ՀԿՀ կրթաթոշակային ծրագրի Սամցխե-Ջավախեթիի համակարգող Թերեզա Ազարյանը, պատասխանելով հարցին՝ արդյոք այս նախաձեռնությունը նախատեսված է նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի համար, ասաց․
«Անցյալ տարի այն անցկացրինք Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում, այս տարի՝ Ախալքալաքում։ Հաջորդ տարի այն կրկին կլինի Նինոծմինդայում։ Մենք ամեն տարի իրականացնում ենք այս հրաշալի ավանդույթը և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր հովանավորներին ու աջակիցներին»։
Իլիայի պետական համալսարանում սովորող և ՀԿՀ-ից ֆինանսավորում ստացող Ելենա Վարտանյանը պատմեց հիմնադրամի աջակցության կարևորության և դրա երիտասարդներին ընձեռած հնարավորությունների մասին։
Նշենք, որ Հայ կրթական հիմնադրամը (ՀԿՀ) հիմնադրվել է Լոս Անջելեսում 1950 թվականին՝ հայ ուսանողներին և կրթական հաստատություններին աջակցելու համար: ՀԿՀ-ն տարիներ շարունակ աջակցել է Հայաստանում և Սամցխե-Ջավախեթիում բնակվող հայ ուսանողներին և աշակերտներին: