Նինոծմինդայում ծնողները պատրաստվում են մեծ ծախսերի

Նինոծմինդայում ծնողները պատրաստվում են մեծ ծախսերի

Նինոծմինդայում բնակիչները սկսել են պատրաստվել նոր ուսումնական տարվան՝ կատարելով դպրոցական գնումներ։

Սեպտեմբերի 15-ին կսկսվի նոր ուսումնական տարին։ Փորձեցինք պարզել, թե որքան գումար է անհրաժեշտ երեխային դպրոց ուղարկելու համար։

Նշենք, որ այս տարի, առևտրականների խոսքով, վաճառքները նախկինի նման ակտիվ չեն, քանի որ մարդիկ գնալով ավելի հաճախ օգտվում են չինական marketplace-ներից։

Որոշ բնակիչներ նշում են, որ դեռ չեն սկսել գնումները, իսկ մյուսները արդեն պատրաստվում են դպրոցական ծախսերին։

Մասնավորապես, Ջիգրաշեն գյուղից մի բնակիչ, որ հենց այդ պահին էր կատարում գնումներ, ասաց, որ ունի երկու դպրոցահասակ երեխա և նախատեսել է 1000 լարի գումար ու չգիտի այն կբավարարի, թե ոչ։

Նինոծմինդայից մեկ այլ բնակիչ նկատեց, որ նախկինում ավելի հեշտ էր դպրոցական երեխաներին պահել․
«Ծնողներս մեզ մեկ հագուստ էին գնում, և մենք շատ ուրախ էինք և սպասում էինք այդ օրվան, հագնում և գնում դպրոց։ Հիմա դպրոց են հաճախում օրը մի շորով։ Մի երեխայի համար անգամ 2000 լարին քիչ է», — ասաց նա։

Օրոջալար գյուղի բնակիչը իր հերթին նշեց․
«Եթե բոլոր երեխաները հագնեն նույն կերպ, պահպանեն ներքին կարգապահություն և խուսափեն բրենդային հագուստից, կարծում եմ, յուրաքանչյուր տնօրեն ծնողի կողքին կկանգնի և ծախսատար էլ չի լինի։ Մյուս կողմից՝ յուրաքանչյուր ծնող ուզում է, որ իր երեխան լավ հագնված լինի։ Խանութներն էլ պետք է մի փոքր բարեխիղճ լինեն և հագուստներն առաջարկեն մատչելի գներով»։

Նույն բնակիչը խոսեց նաև գրենական պիտույքների թանկացման մասին՝ նշելով․
«Ցանկալի կլինի, որ որևէ կազմակերպություն կամ անձ հետևի գնաճին։ Թեպետ ինքս երեխա չունեմ, բայց գիտեմ, որ միայն հագուստի համար մոտ 500 լարի է անհրաժեշտ։ Դրան էլ գումարվում են մեր շրջանի բնակիչների լրացուցիչ ծախսերը՝ կապված առաջին զանգի միջոցառումների և խնջույքների կազմակերպման հետ»։

Նա հավելեց, որ մեր շրջանի բնակիչները լրացուցիչ ծախսեր են կատարում՝ «առաջին զանգի» հետ կապված խնջույքներ կազմակերպելու համար։

Սաթխա գյուղից մի բնակչուհի նշեց, որ ունի երկու թոռնիկ, և յուրաքանչյուրի համար դպրոցին նախապատրաստելու ծախսերը կազմում են մոտ 500-1000 լարի։

Մենք այցելեցինք նաև մի քանի խանութ՝ պարզելու դպրոցական հագուստի և պարագաների գները։ Պարզվեց, որ գրենական պիտույքների արժեքները որոշ չափով նվազել են՝ համեմատած անցած տարվա հետ։
Օրինակ՝ գրիչը, որն անցած տարի արժեր 2 լարի, այժմ վաճառվում է 1 լարիով։ Տետրերի գները տատանվում են 25-50 թեթրիի սահմաններում, իսկ դպրոցական օրագրերը՝ 2-ից մինչև 7 լարի։

Պայուսակների գները որոշ խանութներում սկսվում են 35-50 լարից, իսկ մեկ այլ խանութում նախկինում 45 լարի արժեքով պայուսակը ներկայումս վաճառվում է 30 լարիով։

Դպրոցական կոստյումների գները սկսվում են 100 լարից, իսկ կոշիկներինը՝ 30-ից մինչև 60 լարի։