
Նինոծմինդայի մունիցիպալիտետի երկու դպրոցներում նախատեսվում է վերանորոգում։ Սակայն անհայտ է, թե ինչպես են դասերը անցկացվելու այդ դպրոցներում, և արդյոք անհրաժեշտություն կլինի երեխաներին տեղափոխել այլ դպրոցներ:
Նինոծմինդայի Ղուլալիս գյուղի դպրոցի վերանորոգման համար հայտարարված մրցույթում հատկացվել է 416 905 լարի գումար, մրցույթը շահել է «Էներջի» ՍՊԸ-ն 350 270 լարի գումարի դիմաց։ Իրականացվելու է տանիքածածկման և այլ հատուկ շինարարական աշխատանքներ։ Ֆինանսավորման աղբյուրը ամբողջությամբ հատկացվել է պետական բյուջեից։ Աշխատանքների կատարման ժամկետը 12 շաբաթ է, մրցույթի ընդունումից հետո: Երաշխավորման ժամկետն էլ 3 տարի։
Վերանորոգվելու է նաև Օրոջալար գյուղի դպրոցը, որի նախագծի ընդհանուր գնահատված արժեքը՝ 495 247 լարի է՝ ներառյալ ԱԱՀ-ն։ Ֆինանսավորման աղբյուրը կրկին պետական բյուջեից է։ Մրցույթը շահել է վերոնշյալ «Էներջի» ՍՊԸ-ն 396 198 լարիով, աշխատանքների վերջնաժամկետը 12 շաբաթ է։
Տեղեկանալու համար, թե երբ կսկսվեն վերոնշյալ դպրոցների վերանորոգման աշխատանքները և վերանորոգման ընթացքում որտեղ պետք է շարունակեն ուսումը աշակերտները, դիմեցինք Ղուլալիս գյուղի դպրոցի տնօրեն Նաթելա Մարաբյանին։ Վերջինս ասաց, որ դեռևս պաշտոնապես տեղեկացված չեն, թե երբ կսկսվեն վերանորոգման աշխատանքները։ Օրոջալար գյուղի դպրոցի տնօրենը նույնպես նշեց, որ չի ստացել որևէ տեղեկություն վերանորոգման աշխատանքների վերաբերյալ և տեղեկացրեց, որ նոր ուսումնական տարվա առաջին օրը նրանք կանցկացնեն իրենց դպրոցում։
Նինոծմինդայի ռեսուրս կենտրոնի տնօրեն Դավիթ Զեդգինիձեի խոսքերով աշխատանքների մեկնարկի մասին տեղեկություն ստանալու համար պետք է դիմել մրցույթը շահած կազմակերպությանը, իսկ աշակերտների ուսման կազմակերպման վերաբերյալ՝ անհրաժեշտ է դիմել դպրոցի տնօրենին։
Ուստի հարցերի պատասխանը չկա:

