
Լուսանկարը արխիվից
Սեպտեմբերի 4-ին Փոկա գյուղական համայնք այցելել էին իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները՝ քարոզարշավի շրջանակում։ Այցի ընթացքում Փարվանա գյուղի բնակիչները բարձրաձայնել են իրենց կարևորագույն խնդիրները՝ գազիֆիկացման հարցը, հողերի սեփականաշնորհման գործընթացի արագացումը և ամենակարևորը՝ նոր դպրոցի կառուցման անհրաժեշտությունը։
NOR ռադիոկայանի ֆեյսբուքյան էջում օգտատեր Parvana Parvana-ն գրել է․
«Այսօր Փարվանա գյուղ էին եկել շրջանի ղեկավարները՝ իրենց ընտրելու կոչով։ Գյուղացիների գլխավոր պահանջը նոր դպրոցի կառուցումն էր, որպեսզի երեխաները սովորեն հարմարավետ և անվտանգ պայմաններում։ Սակայն պատասխանը հետևյալն էր՝ «յոլա գնացեք, հաջորդ տարի կսկսենք նոր շենքի կառուցումը»։
Քարոզարշավի ընթացքում հնչեցին նաև մի շարք այլ խոստումներ։ Ասացին, որ այս տարի կասֆալտապատեն գյուղամիջյան ճանապարհը, իսկ գազ կունենանք կամ այս, կամ հաջորդ տարի։ Ինչ վերաբերում է հողերի սեփականաշնորհման հարցին, այն մնաց անպատասխան, քանի որ «այլ հարցեր կան»։ Վերջում կրկին ասացին՝ «մեզ ընտրեք՝ ամեն բան լավ կլինի»… ու հեռացան։ Մենք էլ, ինչպես միշտ, հույսով սպասում ենք»։
Այս օրերին, մինչ Վրաստանի մյուս երեխաները պատրաստվում էին դպրոցի առաջին օրվան, Փարվանա գյուղում երեխաները պահանջող պաստառներով դուրս էին եկել փողոց՝ ձեռքում պահելով պաստառներ՝ «Մենք չենք լռի, կպահանջենք դպրոց», «Մենք պահանջում ենք դպրոց», «Առանց դպրոց չկա ապագա»։
Տարիներ շարունակ Փարվանայի երեխաների համար որպես դպրոց ծառայում է հին փայտե տնակը։ Հին դպրոցի շենքը գտնվում է նույն տարածքում, սակայն 2023 թվականի փետրվարից ի վեր անմխիթար վիճակում է։ Ուսուցիչների խոսքով՝ դասերը ստիպված անց են կացվում փայտե տանը՝ երեք հերթափոխով։ Բացի այդ, դպրոցը տարրական է՝ ընդամենը 9-ամյա կրթություն ապահովող։ Այն երեխաները, ովքեր ցանկանում են ստանալ ընդհանուր կրթություն, հարկադրված են հաճախել հարևան Փոկա գյուղի դպրոց, որն ամեն անգամ չէ, որ հասանելի է։
Բնակիչները և ուսուցիչները բազմիցս դիմել են Կրթության նախարարությանը՝ դպրոցի համար նոր տարածք տրամադրելու խնդրանքով։ Որպես տարբերակ բնակիչները առաջարկել են օգտագործել այն տներից մեկը, որի սեփականատերերը տեղափոխվել են Ռուսաստան։ Առաջարկվել է այդ տունը վարձակալել և դարձնել դպրոց։ Այլ տարբերակով՝ առաջարկվել է մանկապարտեզի շենքը բաժանել երկու մասի՝ դասերը անցկացնելով երկու հերթափոխով երեքի փոխարեն։ Երկու առաջարկներն էլ մերժվել են։
Փարվանայի բնակիչներին առաջարկվել է երեխաներին տեղափոխել հարևան Տամբովկա գյուղի դպրոց, որը գտնվում է 9 կմ հեռավորության վրա՝ դժվարանցանելի ճանապարհներով։ Սակայն աշակերտներն ու նրանց ծնողները մերժել են այդ առաջարկը։
Մանրամասները տեսանյութում․