
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված նոր խաչքարի օծմանը։
Խաչքարը կանգնեցվել է Վարդանյանների ընտանիքի կողմից՝ ի հիշատակ Մերգելոս և Ջուլիետա Վարդանյանների։
Խաչքարի և դրա շուրջ ստեղծվող այգու նախաձեռնությունն ու ամբողջական ֆինանսավորումը իրականացվել են Հեշտիա գյուղի բարերար և բարեգործ Թումաս Վարդանյանի կողմից՝ նպատակ ունենալով հավերժացնել իր ծնողների հիշատակը՝ համայնքի համար կարևոր և օգտակար ծրագրի միջոցով։
Հարցազրույցում Թումաս Վարդանյանը շնորհակալություն հայտնեց համագյուղացիներին՝ ընդգծելով, որ նույնիսկ ամենադժվար տարիներին նրանք կարողացել են պահել ու պահպանել գյուղը՝ ապրելով և ստեղծագործելով այնտեղ։
«Այսօր մենք մեր պարտքն ենք համարում վերադառնալ մեր գյուղ և մեր լուման ներդնել նրա զարգացման ու գեղեցկացման գործում։ Ինչ հնարավորություն, որ կարողացել ենք ստեղծել, հիմնականում ուղղված է մեր գյուղի զարգացմանն ու բարգավաճմանը», — նշեց Վարդանյանը։
Հուշակոթողի օծման արարողությունը տեղի ունեցավ նորակառույց այգու տարածքում։ Արարողությունը կատարեց Տեր Անտոն քահանա Անտոնյանը, ով իր օրհնությունն ու աղոթքը ուղղեց այս կարևոր նախաձեռնությանը՝ ընդգծելով խաչքարի նշանակությունը հայ ժողովրդի հոգևոր և ազգային ինքնության մեջ։
Միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն Հեշտիայի բնակիչները, այլև բազմաթիվ հյուրեր տարբեր երկրներից։
Մշակութային ծրագիրն առավել տոնական դարձրեցին Երևանից հրավիրված ճանաչված երգիչներ։ Հանդիսատեսի առջև գեղեցիկ կատարումներով հանդես եկան Գրիգոր Եսայանը և Գուրգեն Դաբաղյանը, ովքեր իրենց երգերով ջերմ և ակտիվ մթնոլորտ ստեղծեցին այգու տարածքում։
Միջոցառումը շարունակվեց Մշո այգում, որտեղ կայացավ համերգային ծրագիր՝ Սայաթ-Նովա անվանի երաժշտախմբի մասնակցությամբ։ Համույթը՝ Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ, ներկայացրեց հայկական ժողովրդական երգարվեստի բարձրարժեք կատարումներ։
Տոնական օրը եզրափակվեց ավանդական հյուրասիրությամբ։
Հեշտիա գյուղի բնակիչ Անզոր Մալխասյանը իր երախտագիտությունը հայտնեց Թումաս Վարդանյանին՝ գյուղում նման գեղեցիկ տոն կազմակերպելու և անմոռանալի օր պարգևելու համար։
Մանրամասները աուդիոնյութում․
Մանրամասները տեսանյութում․
Ֆոտոշարք․