
Սեպտեմբերի 6-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղի հանրային դպրոցում տոնական էր։ Դպրոցի բակում հավաքվել էին այն մարդիկ, ովքեր վերջին անգամ միասին կանգնել էին դպրոցական նստարանների կողքին 42 տարի առաջ։
Շրջանավարտների հանդիպումը դարձավ իսկական հիշողությունների ու ջերմ զգացմունքների պահ։ Հին ընկերները միմյանց հետ կիսվեցին անցած տարիների պատմություններով, հիշեցին մանկության խաղերը, ուսուցիչներին և դպրոցական տարիների ամենահիշարժան դրվագները։
Հանդիպմանն էին միացել նաև դպրոցի տնօրեն Աիդա Չախոյանը, շրջանավարտների ռուսաց լեզվի, հայոց լեզվի և գրականության ուսուցիչները, ինչպես նաև դասղեկ Շուշանիկ Անանիկյանը։ Առաջին դասղեկը եղել է Գոհար Գյուլասարյան-Իսպիրյանը։ Նախկին շրջանավարտները ուսուցիչների հետ տեղափոխվեցին լուսավոր անցյալ, վերհիշեցին անցած և կարոտած տարիները։
Շնորհակալության խոսքեր հնչեցին ուսուցիչներին՝ տված գիտելիքների, հոգատարության ու առաջնորդության համար։ Ուսուցիչները նույնպես հանդես եկան բարեմաղթանքներով՝ իրենց սրտի խոսքը հղելով սաներին։ Հավաքվածները միասին հարգեցին կյանքից հեռացած ուսուցիչների ու վաղամեռիկ դասընկերուհու՝ Մանիկ Ղափոյանի հիշատակը։
Հանդիպումը ոչ միայն վերականգնեց մոռացված հիշողությունները, այլ նաև ամրապնդեց ընկերական կապերը, որոնք ծնվել էին դպրոցական տարիներին։
Տեսանյութ