Կարսից մինչև Վաշինգտոն՝ Գիորգի Թումասյանի ուղին

Կարսից մինչև Վաշինգտոն՝ Գիորգի Թումասյանի ուղին

Գիորգի Թումասյանը ծնվել է 1995 թվականին Թբիլիսիում։ Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի քաղաքում, սակայն 4-8-րդ դասարանները սովորել է Երևանում։ 9-րդ դասարանից կրկին վերադարձել է Թբիլիսի և շարունակել ուսումը։

Գիորգիի ընտանեկան պատմությունն առանձին ուշադրության է արժանի։ Նրա նախնիները Կարսից են։ Թումասյանի նախնիներից է հայ ռազմական գործիչ Հովհաննես Մազմանյանը՝ Հայաստանի առաջին Հանրապետության ամենաերիտասարդ գնդապետը և Կարսի առաջին գնդի հրամանատարը։

Գիորգին դպրոցական տարիներին հաջողություններ է գրանցել տարբեր առարկայական օլիմպիադաներում՝ դառնալով դրանց բազմակի հաղթող։ Ավարտական դասարանում նա միասնական ազգային քննություններում ցուցաբերել է ամենաբարձր արդյունքներից մեկը և այդ շնորհիվ դարձել է Վրաստանի Ազատ համալսարանի ուսանող՝ ստանալով 100 տոկոսանոց կրթաթոշակ։ Այստեղ նա արդեն ուսանողական շրջանում աչքի է ընկել որպես լավագույններից մեկը, զուգահեռաբար մասնակցել և ակտիվորեն ներգրավվել միջազգային ու տեղական կոնֆերանսների, սեմինարների և երիտասարդական ֆորումների։

«Դպրոցական տարիներին շատ էի հետաքրքրված պատմությամբ և աշխարհագրությամբ։ Հաղթելով դպրոցական օլիմպիադաներում, այդ թվում՝ Վրաստանում, դա դարձավ հիմք այն բանի, որ հետաքրքրվեցի միջազգային հարաբերություններով, պետությունների միջև կապերով և միջազգային կառույցներով։ Այս հետաքրքրության հիման վրա էլ ընտրեցի առաջին մասնագիտությունս՝ բակալավրի մակարդակով միջազգային հարաբերություններ և միջազգային ու հանրային իրավունք»,-ասում է Գիորգին NOR-ի հետ զրույցում հավելելով, որ երկրորդ մասնագիտությունը ստացել է մագիստրատուրայում՝ Գերմանիայի պետական կառավարման համալսարանի ծրագրով, որը վերաբերում էր պետությունների ղեկավարում, կառավարում և հարակից ոլորտներ։

2017-2018 թվականներին Գիորգի Թումասյանը դարձել է Վրաստանի երիտասարդության ներկայացուցիչը ՄԱԿ-ում։

Ներկայումս Գիորգի Թումասյանը ակտիվորեն ներգրավված է այս ոլորտներում իր ամենօրյա գործունեության մեջ և կարծում է, որ այս որոշումը իր կյանքի ամենաճիշտ ընտրություններից մեկն է եղել։ «Ուսումնասիրելով մեր ազգի պատմությունը և անցած մարտահրավերները՝ հասկանում ես, որ ամենակարևորը, այդ թվում նաև հայ ազգի համար, եղել է միջազգային օրակարգը, որը վճռորոշ ազդեցություն է ունեցել մեր ժողովրդի ճակատագրի վրա»,-ասում է Գիորգին։

Նրա ճանապարհը հեշտ չի եղել։ Երիտասարդ տարիքից հաղթահարել է լեզվական մարտահրավերները։ Սկզբում դպրոցում սովորել է անգլերենով, Հայաստանում՝ ռուսերեն և հայերեն, իսկ Վրաստան վերադառնալով՝ վրացերեն․ «Բոլոր առարկաները հայերեն սովորելը մի փոքր բարդ էր անգլերենից հետո, իսկ վրացերենին վերադառնալիս զգացի, որ կորցրել էի լեզվի հմտությունը։ Բայց կարողացա հաղթահարել այդ դժվարությունները և բոլոր լեզուներով հասնել այն մակարդակի, որն անհրաժեշտ էր իմ հաջողությունների համար»,-նշում է նա։

Գիորգիի կողքին միշտ եղել է իր հայրը՝ Սարգիս Գիորգիի Թումասյանը, ով աջակցել է նրա բոլոր գաղափարներին, ցանկություններին ու նպատակներին։ Նա օգնել է ոչ միայն ճիշտ որոշումներ կայացնել, այլ նաև ճիշտ քայլերով առաջ գնալ դեպի այդ նպատակները․ «Հայրս իմ համար ամեն ինչ է արել։ Ցավոք, արդեն մեկ տարի է, ինչ նա ինձ հետ չէ։ Դա է իմ կյանքի ամենադժվար փորձությունը։ Հայրս իմ կյանքի ամենակարևոր մարդն է և ուսուցիչը, ով միշտ կանգնած է եղել իմ բոլոր հաջողությունների հետևում»։

Այսօր Գիորգի Թումասյանը Վրաստանի հայ համայնքային հարթակի նախագահն է։ Նա միաժամանակ անդամ է մի շարք միջազգային կառույցների, հանդես է գալիս որպես խորհրդատու և վերջերս ճանաչվել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի կողմից որպես զարգացող առաջնորդ։ Այդ շրջանակում նա պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ՝ միջազգային առաջնորդների ծրագրով։

Գիորգիի գործունեության հիմնական նպատակը ապահովելն է Վրաստանի և Հայաստանի միասնական ժողովրդավարական և Եվրաատլանտյան ապագան։

Գիորգին ակտիվորեն զբաղվում է սպորտով և խորապես հետաքրքրված է փիլիսոփայության տարբեր ուղղություններով։ Նա ժամանակ է հատկացնում ինքնազարգացմանը՝ ուսումնասիրելով գրքեր, տարբեր հարցեր, ինչպես նաև լինելով բնության մեջ։ Գիորգին մեծ կարևորություն է տալիս մարդկանց հետ շփմանը, որը, իր համոզմամբ, հնարավորություն է տալիս զարգանալու։ Հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդների հետ շփմանը և նրանց զարգացման գործում ներդրում ունենալուն։

Նա խորհուրդ է տալիս երիտասարդներին ունենալ մեծ երազանքներ և ամեն օր աշխատել այդ երազանքների իրականացման ուղղությամբ։ Գիորգիի կարծիքով՝ հաջողությանը հասնում են ոչ թե մոտիվացիայի հիմքի վրա, այլ ամենօրյա աշխատանքի, կարգապահության և անձնային զարգացման շնորհիվ։

«Ես կոչ եմ անում մեր հայ երիտասարդներին անել ամեն ինչ ինքնազարգացման նպատակով, որպեսզի կարողանան հասնել իրենց նպատակներին, որովհետև երբ առանձին մարդիկ դառնում են առաջնորդներ տարբեր ոլորտներում, դա նպաստում է ոչ միայն նրանց անձնական հաջողությանը, այլև ամբողջ ազգի առաջընթացին»,- եզրափակում է Գիորգին։