
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում բնակիչները սեփական ուժերով կառուցում են նոր ժամանցային գոտի։ Նախաձեռնությունը տեղի բնակիչներինն է, ովքեր համախմբվել են՝ բարելավելու գյուղի հանգստի հնարավորությունները։
Ներկայումս ընթանում են հենապատերի շինարարական աշխատանքները։ Պատերի հաստությունը հասնում է 60 սանտիմետրի, որոնց վրա տեղադրվելու են երկաթյա ցանկապատեր։ Թեք պատերը ծածկվում են սալաքարերով։ Այս տարի նախատեսվում է նաև կառուցել կամուրջ և բեմ, ինչը ժամանցային գոտին կդարձնի ավելի բազմաֆունկցիոնալ տեղեկացնում են աշխատակիցները։
«Նախագիծը, ամենայն հավանականությամբ, կտևի շուրջ չորս տարի», – նշեց մեզ հետ զրույցում Սաթխայի բնակիչ, շինարարական աշխատանքներին մասնակցող Արմեն Շիրինյանը։
Նա հավելեց, որ նախաձեռնության իրագործման համար բացվել է հատուկ հաշվեհամար, որտեղ գյուղի բնակիչները, երիտասարդները և արտերկրում գտնվող սաթխացիները պարբերաբար փոխանցում են գումար։ Ներդրումների շնորհիվ աշխատանքները շարունակվում են ակտիվ տեմպերով այս տարի էլ կաշխատեն մինչև եղանակների վատթարանալը։
Մանրամասները տեսանյութում․
Հիշեցնենք, որ ըստ նախագծի պլանավորվում է այգում կառուցել բեմահարթակ, երեխաների համար նախատեսված խաղահրապարակ, շատրվան, նստատեղիներ, զբոսուղի, որը շրջափակված կլինի բուսական աշխարհով, գիշերային լուսավորությամբ։