
Վերջին շրջանում Վրաստանում ակտիվ քննարկման թեմա է ԵՄ-Վրաստան առանց վիզային ռեժիմի հարցը: Վրաստանում վերջին ամիսների լարված իրավիճակի ֆոնին Եվրոպական միությունը դատապարտել է իշխանության («Վրացական երազանք»-ի) ձեռնարկած ժողովրդավարական հետընթացի ակնհայտ միտումը և կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել կրկին ԵՄ ուղի վերադառնալու համար: Այս մասին գրում է Ալիք Մեդիան․
Ի թիվս այլ հարցերի, ԵՄ-ն շաբաթներ առաջ առաջարկությունների շարք էր ներկայացրել Վրաստանին, որի չկատարման դեպքում վտանգվում է Վրաստանի համար Եվրոպական միության երկրներ առանց վիզային ռեժիմի մուտքը:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ն այս հարցի շուրջ զրուցել է հասարակության ներկայացուցիչներից մեկի հետ, որն առնվազն մեկ անգամ օգտվել է անվիզա ռեժիմից և ներկայացրեց իր փորձը։
Մեր զրուցակիցը (նա չցանկացավ նշել անունը) «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց, որ օգտվել է առանց վիզային ռեժիմից, այս տարի մեկնել է Իտալիա, ի դեպ` նշելով, որ ավելի ուշ էր պլանավորում Եվրոպա մեկնել, և արագ որոշման պատճառը հենց առանց վիզային ռեժիմի չեղարկման ռիսկն էր:
Խոսելով վիզայի ազատականացման հարցի շուրջ` երիտասարդը մի քանի կարևոր հանգամանք նշեց.
«Նախ, առանց վիզա ռեժիմը մարդուն տալիս է ազատության զգացողություն, հնարավորություն առանց սահմանափակումների ճամփորդելու և զգալու իրեն «աշխարհի քաղաքացի»։ Երկրորդ, լայն ճանապարհ է բացում արտագնա աշխատանքի համար, ինչից շատերն օգտվում են. մեծ առավելություն է բիզնես ոլորտում՝ փորձի և նոր գաղափարների փոխանակման առումով, նաև հնարավորություններ են ստեղծվում աճելու և զարգանալու, տարբեր երկրներում եղած փորձը համեմատելու և դա իրագործելու Վրաստանում։ Հաճախ կարելի է նկատել, որ որոշ ոլորտներ մեզ մոտ թերի են կամ ընդհանրապես բացակայում են, ու այս դեպքում բիզնես դաշտը ազատ է։ Հսկայական հնարավորություն է նաև կրթական ոլորտում. ուսանողական վիզա ստանալ իհարկե կարելի է, բայց բավականին բարդ է, խիստ սահմանափակ են տեղերը»,- ասաց մեր զրուցակիցը:
Վերջինիս դիտարկմամբ՝ եթե առանց վիզայի ռեժիմը չեղարկվի, ներկայիս Եվրոպա մեկնողների մոտ 60%-ն այլևս հնարավորություն չի ունենալու մեկնել կամ չի ցանկանալու դիմել դեսպանատուն վիզայի համար՝ գործընթացի բարդության պատճառով։
«Էկոնոմիկայի աճի դանդաղում, ժողովրդավարական գործընթացների թուլացում, դեմոկրատիայի դեգրադացում, կրթության որակի անկում, ընդհանուր մոտիվացիայի և Եվրոպայի հետ ինտեգրացիայի նվազում, ներքաղաքական լարվածություն և զանգվածային ցույցեր, որոնք միայն բացասական հետևանքներ կունենան երկրի համար»,- առանց վիզային ռեժիմի բացասական հետևանքները թվարկեց «Ալիք Մեդիա Վրաստան»-ի զրուցակիցը:
Երիտասարդը հավելեց. «Մենք` կովկասցիներս, յուրահատուկ ենք, չնայած կարծում եմ, որ մտածելակերպով, արժեհամակարգով, կենսակերպով ու ծեսերով համեմատաբար ավելի մոտ ենք եվրոպացիներին, քան ասիացիներին կամ Մերձավոր Արևելքի ժողովուրդներին։ Դա ևս մեկ պատճառ է, թե ինչու է Եվրոպայի հետ սերտ կապը մեզ անհրաժեշտ»:
Վրաստանը, ի տարբերություն մյուս հարևան երկրների, 2017 թվականի մարտի 28-ից օգտվում է Շենգենյան գոտու 28 երկրներ առանց վիզայի ճանապարհորդելու իրավունքից։ Վրաստանի քաղաքացիներին այս երկրներ ճանապարհորդելու համար վիզա ստանալու կարիք չունեն, իսկ վիզա ստանալը կարող է տևել մի քանի շաբաթ կամ ամիս և ներառել լրացուցիչ ծախսեր։
Այդ երկրների թվում են՝ Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Իսպանիան, Էստոնիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Հունաստանը, Ֆրանսիան, Սլովակիան, Սլովենիան, Չեխիան, Շվեդիան, Հունգարիան, Ֆինլանդիան և այլն: