
Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը որոշ հանդիպումներ ունենալու նպատակով այցելել է Իգդիր։ Նա հանդիպել է Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանի հետ։
Քըլըչը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ունեն որոշ աշխատանքներ հայաստանյան հատուկ ներկայացուցչի հետ․ «Կվերանայենք այդ աշխատանքները, կհաստատենք նախկինում արված քայլերը։ Կքննարկենք, թե ապագայում ինչ կարելի է անել՝ երկու երկրների, հատկապես այս տարածաշրջանի տնտեսական կյանքը բարելավվելու համար»։
Նա ընդգծել է Զանգեզուրի ուղու կարևորությունը և նշել, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցումներով մոտ ժամանակներում կբացեն այդ ուղին:
«Մեր մարզում էլ մեծ ոգևորությամբ է գնահատվում այս ողջ գործընթացը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդությամբ մեր բոլոր սահմանակից երկրների հետ շատ կառուցողական բանակցություններ են ընթանում։ Ունենք Ալիջան սահմանային անցակետ, և վերջերս Զանգեզուրի ուղու հետ կապված դրել ենք Դիլուջու-Կարս երկաթուղու 124 կիլոմետրանոց հիմքը»,- հավելել է նա։