Սեպտեմբերի 25-ին Ախալքալաքի Եվրոպական ինտեգրացիայի տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Վրաստանի Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչների և Ախալքալաքի ու Նինոծմինդայի ծրագրով հետաքրքրված բնակիչների միջև:
Հանդիպման նպատակն էր Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի երիտասարդության և կազմակերպությունների ներկայացուցիչներին ծանոթացնել Էրազմուս+ ծրագրին:
Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ցանկացողներին 2 ամսից մինչև 1 տարի ժամկետով դրամաշնորհի դիմաց ուսանել, պրակտիկա անցնել կամ էլ դասավանդել արտասահմանում:
Վրաստանից ուսանողներն ու դասախոսները Եվրոպական Միությունից դրամաշնորհ կստանան Եվրոպայում սովորելու և դասավանդելու համար: Իսկ եվրոպացի ուսանողներն ու դասախոսները կայցելեն Վրաստան՝ գիտելիքն ու փորձը փոխհարստացնելու և կրթական համակարգին ծանոթանալու համար՝ Էրազմուս կրթական փոխանակման ծրագրի շրջանակում։
Էրազմուս+ ծրագիրըը կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի հարցերով Եվրոպական Միության նոր ծրագիրն է, որն ընթանում է 2014-2020 թթ-ին:
Էրազմուս կրթական ծրագիրը գործում է արդեն 30 տարի՝ ապահովելով կրթության շարժունություն Եվրոպայում և ԵՄ հարևանության երկրներում։
Էրազմուս կրթական փոխանակման ծրագիրը մեկնարկել է 1987 թ. նախ եվրոպական մի քանի երկրների միջև, այնուհետև ընդլայնվել Եվրոպական Միության ողջ տարածքով՝ հետագայում ընդգրկելով նաև հարևանության երկրները, ներառյալ՝ Վրաստանն ու Հայաստանը:
Եվրոպական Միությունը ծրագրի իրականացման համար հատկացրել է 14,7 մլրդ եվրո: