Ես քո մի ծիլն եմ գյուղ հայրենի․ Փ․ Արագյալում նշվեց գյուղի օրը

Ես քո մի ծիլն եմ գյուղ հայրենի․ Փ․ Արագյալում նշվեց գյուղի օրը

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Արագյալ գյուղում երրրորդ անգամ նշվեց գյուղի տոնը՝ հիմնադրման 195-ամյակը։ Գյուղն իր տոնը առաջին անգամ նշել է 2003, այնուհետև 2017-ին և 2025 թվականին։ Միջոցառումը կազմակերպվել էր համատեղ՝ ինչպես արտերկրում ապրող, այնպես էլ գյուղում բնակվող Փ. Արագյալի բնակիչների նախաձեռնությամբ և ջանքերով։

Տոնական միջոցառմանը մասնակցում էին ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանում բնակվող փոքրարագյալցիներ, բազմաթիվ հյուրեր Վրաստանի տարբեր շրջաններից, համայնքի ներկայացուցիչներ, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, Սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը և քաղաքապետարանի այլ պաշտոնյաներ։

Տոնակատարությունը մեկնարկեց վաղ առավոտյան՝ Սուրբ պատարագով, որը կատարվեց Սուրբ Ստեփանոս եկեղեցում, այնուհետև տոնական միջոցառումը շարունակվեց հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հուշարձանների մուտքի մոտ։ Իրենց ողջույնի խոսքով հանդես եկան Նինոծմինդայի մունիցիպալիտետի մշակույթի սպորտի նախարար Լևոն Վարդանյանը, բանաստեղծուհի Խանում Եղոյանը, գյուղապետ Մասիս Վարդանյանը և այլոք։

«Այս արարողությունը պետք է դառնա ավանդույթ ամեն տարի, այս օրը նշելու համար։ Գյուղն իր տարեգրությամբ ունի հարուստ պատմական ժառանգություն՝ սկսած հայրենական պատերազմից մինև մեր օրերը, գյուղը տվել է հրաշալի զավակներ գիտության և աշխատանքնային տարբեր բնագավառներում»,- ասաց Մասիս Վարդանյանը։

Լևոն Վարդանյանը սրտանց ողջունեց գյուղի բնակիչներին և ջերմորեն շնորհավորեց տոնի կապակցությամբ՝ առանձնահատուկ շեշտելով Ջավախքի բոլոր գյուղերի օրվա կարևորությունը։ Նա ընդգծեց, որ այս օրը, որպես հանգստյան օր, պետք է դառնա յուրօրինակ խորհրդանիշ գյուղական համայնքների համախմբման համար։

Գյուղի բնակիչ Կյուրեղյան Մամփրեն ասաց. «Մեր գյուղի համար այս օրը ամենաթանկագին օրերից մեկն է։ Բոլոր համագյուղացիներիս ցանկանում եմ առողջություն և շնորհակալություն եմ հայտնում տոնի կազմակերպիչներին։ Թող այս տոնը դառնա շարունակական։ Չնայած այն անցյալում ևս նշվել է, սակայն այս տարի այն նշում ենք ավելի մեծ շուքով։ Թող մեր այսօրվա մեծ տոնը միշտ պահպանվի և զարգանա։ Բոլոր գյուղացիներին մաղթում եմ առողջություն, հաջողություն և բեղմնավոր աշխատանք»։

Մշակութային ծրագրի ընթացքում հանդես եկավ երգիչ Մասիս Հունանյանը, Հայաստան Իսպիրյանը, «Սայաթ-Նովա» երգի համույթը, Փ․ Արագյալի «Էրզրում» պարի համույթը։

Մանրամասները տեսանյութում․

Ֆոտոշարք․