
Սեդա Անտոնյանը այսօր աշխատում է որպես միջազգային ուսանողական կոորդինատոր՝ աջակցելով օտարազգի ուսանողներին Թբիլիսիում։ Անգլերենի հանդեպ սերն ու բազմալեզվային հմտությունները նրան օգնել են հաղթահարել ուսումնական և մասնագիտական դժվարությունները, իսկ ընտանիքի աջակցությունը դարձել է նրա հաջողության գլխավոր աղբյուրը։
Սեդա Անտոնյանը ծնվել է 2000 թվականին, Ծալկայի մունիցիպալիտետի Նարդևան գյուղում։ Սովորել է տեղի դպրոցում՝ իններորդ դասարանում ստացել է համակարգիչ, իսկ դպրոցն ավարտել է ոսկե մեդալով։
Դպրոցն ավարտելուց հետո 2018 թվականին կրթությունը շարունակել է Թբիլիսիի պետական համալսարանում՝ անգլերեն լեզվի բանասիրության ֆակուլտետում։ Համալսարանը ավարտել է 2023 թվականին։ Նրա հիմնական մասնագիտությունը անգլերեն լեզվաբանությունն է, իսկ երկրորդը՝ մանկավարժությունը։ Անգլերենի հանդեպ սերը ձևավորվել է դեռ դպրոցական տարիներից, ինչի շնորհիվ էլ ընտրել է այս մասնագիտությունը։
Ուսանողական տարիներին Սեդան ակտիվորեն մասնակցել է ուսանողական խորհուրդի աշխատանքներին։ Միայն մեկ ամսվա ընթացքում նա արդեն ինքնուրույն կազմակերպում էր հանդիպումներ դատավորների, իրավաբանների, բժիշկների, դասախոսների և տարբեր ոլորտների մասնագետների հետ։ Երրորդ կուրսում Սեդան աշխատել է նաև Թբիլիսիի արդարադատության տանը՝ որպես խորհրդատու։
Սեդան շուրջ տասը տարի տեղում զբաղվել է հայկական պարով «Լույս Աղբյուր» պարային համույթում։ Խմբի հետ միասին նա մասնակցել է տարբեր մրցույթների և համերգների ինչպես Վրաստանի տարածքում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս։ Այս ելույթների ընթացքում Սեդան բազմաթիվ հաղթանակներ և հաջողություններ է գրանցել։ Քանի որ Սեդան ցանկացել է ամբողջ ուշադրությունը սևեռել կրթության վրա, այդ իսկ պատճառով հրաժարվել է պարից:
Բացի արվեստից, նա ակտիվորեն մասնակցել է տարբեր թրեյնինգների և օլիմպիադաների։ Մասնավորապես, ընդգրկվել է Kings ծրագրում՝ անգլերեն լեզվի օլիմպիադայում, որտեղ հաջողությամբ հաղթահարել է բոլոր փուլերը։ Առաջին փուլը կայացել է դպրոցում, երկրորդը՝ Ծալկայում, իսկ եզրափակիչը՝ Ռուսթավիում։
Ուսանողական ճանապարհը, սակայն լի է եղել դժվարություններով։ Սեդան պատմում է, որ հայկական դպրոցն ավարտելուց հետո բախվել է լեզվական խոչընդոտների։ «Համալսարանում ուսումնական նյութերը սկզբում ամբողջությամբ վրացերեն էին, հետո արդեն անգլերեն։ Սկզբնական փուլում շատ դժվար էր միաժամանակ յուրացնել տարբեր լեզուներով մատուցվող նյութը։ Հետագայում ավելացավ նաև ռուսերենը։ Իմ գլխում միաժամանակ պտտվում էին հայերենը, վրացերենը, ռուսերենը և անգլերենը։ Բայց երբեք չեմ խուսափել դժվարություններից։ Ընդհակառակը՝ դրանք ինձ համար դառնում են զարգացման խթան։ Եթե դժվարություն չկա, չկա նաև հաղթահարելու ձգտում»,-ընդգծում է նա։
Այսօր Սեդա Անտոնյանը աշխատում է մասնավոր գրասենյակում՝ որպես միջազգային ուսանողական կոորդինատոր։ Նրա թիմը աջակցում է օտարազգի ուսանողներին, հիմնականում արաբական երկրներից ժամանած, ովքեր գալիս են Թբիլիսի կրթություն ստանալու նպատակով։ Սեդան և իր գործընկերները զբաղվում են փաստաթղթերի պատրաստմամբ, թարգմանությամբ ու հաստատմամբ, քանի որ ուսանողները վրացերենին չեն տիրապետում։
Սեդան իր հաջողությունները կապում է ընտանիքի և հավատքի հետ․ «Առաջին հերթին կողքիս միշտ եղել են Աստված, ծնողներս և քույրս։ Նրանք իրենց ուժով և օրհնությամբ մշտապես իմ կողքին են»,-ասում է Սեդան։
Իսկ երիտասարդներին Սեդան խորհուրդ է տալիս երբեք չդադարել պայքարել և միշտ հավատալ Աստծուն։