Նինոծմինդայում կաթի գինը բարձրանում է, իսկ քանակը՝ նվազում

Նինոծմինդայում կաթի գինը բարձրանում է, իսկ քանակը՝ նվազում

Վերջին երկու ամիսների ընթացքում մունիցիպալիտետում նկատվում է կաթի գնի զգալի աճ, ինչն առաջին հայացքից դրական միտում կարող էր թվալ գյուղացիների համար։ Սակայն իրավիճակն այնքան էլ հարթ չէ։ Վեջին երկու ամսիների ընթացքում կաթի գինը 1,20-ից դարձել է 1,70 լարի։

Միևնույն ժամանակ, տարածաշրջանի մի շարք գյուղերում տարածվել է դաբաղ հիվանդությունը, ինչը լուրջ հարված հասցրեց անասնապահությանը։ Հիվանդության տարածման հետևանքով կտրուկ նվազել է կովերի կաթնատվությունը, իսկ որոշ գյուղերում կաթը գրեթե բացակայում է։

«Հիմա արդեն կարելի է ասել՝ կաթ գրեթե չկա։ Իսկ եթե գինն էլ բարձրանա, այդքան էլ օգուտ չունենք, քանի որ կովերը քիչ են կաթ տալիս։ Մարդիկ նախկինի պես կաթ չեն կարող վաճառել ու եկամուտ ստանալ», — ասում է Փ․ Արագյալ գյուղի բնակիչ Արշակ Վարդանյանը։

«Վերջին շաբաթներին կաթի գինը որոշ չափով բարձրացել է՝ մեկ լիտրի արժեքը հասնելով 1.30-1.70 լարիի սահմանին։ Մունիցիպալիտետում խոսվում է նաև գնի հնարավոր աճի մասին՝ մինչև 2 լարի։ Շատերն արդեն պարտքեր ունեն կաթի մթերումով զբաղվող կազմակերպություններին։ Եթե գինը հասնի 2 լարի, հնարավոր կլինի արագ փակել այդ պարտքերը ու շնչելու հնարավորություն ստանալ», – հավելում է Վարդանյանը։

Բնակիչների խոսքով՝ եթե այդ գինը հաստատվի, ապա դա իրական աջակցություն կլինի գյուղացիների համար։

Մեծ Գոնդուրայի բնակիչն էլ նշեց՝ «Անասուններ պահելը արդեն ավարտված գործ է, հիմա շատ քիչ մարդիկ են զբաղվում անասնապահությամբ, քանի որ ծախսերը շատ են, իսկ եկամուտը՝ քիչ։ Կաթի մեկ լիտրն ավելի էժան է, քան կես լիտր հանքային ջուրը։ Գյուղում ապրելը շատ դժվար է։ Ի՞նչ պետք է անի գյուղացին, եթե չզբաղվի անասնապահությամբ կամ կարտոֆիլ չմշակի»։

Հարկ է նշել, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում գյուղատնտեսությունն ու անասնապահությունը շարունակում են մնալ եկամտի հիմնական աղբյուրները։ Բազմաթիվ գյուղական բնակավայրերում, կաթի վաճառքը հաճախ հանդիսանում է ապրուստի միակ միջոցը։

Կարդացեք նաև․

Խոշոր եղջերավոր անսունների մոտ հիվանդություն է տարածված

Ի՞նչ սխալներ են անում բնակիչները, որ անասունները շարունակում են հիվանդանալ