Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին:
Հանդիպման սկզբում Կվիրիկաշվիլին Մերկելին և նրա քաղաքական թիմին շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ՝ հավելելով, որ այդ հաղթանակը շատ կարևոր է ամբողջ Եվրոպայի համար:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Վարչապետը Գերմանիայի կանցլերին ներկայացրել է Վրաստանում իրականացված բարեփոխումներն ու տնտեսական վիճակը: Կվիրիկաշվիլին ընդգծել է, որ Վրաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծված արտասահմանյան ներդրողների համար, ինչը հաստատում են նաև միջազգային ինստիտուտների կողմից իրականացված հետազոտության արդյունքները:
Ըստ Կվիրիկաշվիլիի՝ երկրի հաստատուն զարգացմանը նպաստում է նաև Եվրամիության հետ կնքած ասոցացման համաձայնագիրը, ազատ առևտրի վերաբերյալ համաձայնությունը, ինչպես նաև վիզայի ազատականացումը:
Կողմերը խոսել են նաև ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանում անվտանգության պահպանման տեսանկյունից երկրների դերերի մասին:
Երկրների առաջնորդները քննարկել են Ռուսաստանի հետ Վրաստանի հակամարտությանը վերաբերող հարցեր: Խոսվել է խնդրի լուծման նպատակով Վրաստանի կատարած քայլերի մասին: Կոնֆլիկտի լուծման գործընթացում ընդգծվել է Եվրամիության կարևորությունը: