«Ես սիրում եմ Թբիլիսին» պարի փառատոն Թբիլիսիում

«Ես սիրում եմ Թբիլիսին» պարի փառատոն Թբիլիսիում

Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիում անցկացվել է «Ես սիրում եմ Թբիլիսին» խորագրով բարեգործական փառատոն, որին մասնակցել են Վրաստանի տարբեր քաղաքներից և շրջաններից ժամանած պարային խմբեր։

Ինչպես NOR-ի հետ զրույցում նշեց Նինոծմինդայի «Փարվանա» պարային համույթի պարուսույց Լուսինե Մզիկյանը, փառատոնին իրենց մասնակցությունն են ցուցաբերել նաև Նինոծմինդայի պարային խմբերը՝ «Ջեյրանի» պարային ստուդիան, «Էմիլի» և «Փարվանա» համույթները։

Փառատոնի շրջանակում պարային խմբերը ներկայացրել են հայկական, վրացական և այլ ազգային պարեր՝ ընդգծելով մշակութային բազմազանությունը և բարեգործական միջոցառման կարևորությունը։

Մասնակիցները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով։ Պարուսույցները իրենց հերթին պարգևատրվել են հատուկ մրցանակով։

Մանրամասները աուդիոնյութում.

Radio NOR · Լուսինե Մզիկյան

«Մեր պարային համույթը՝ «Ջեյրանին», նույնպես մասնակցություն ցուցաբերեց՝ ներկայացնելով պար «Աջարուլին»։ Սա մեր համույթի առաջին ելույթն էր քաղաքից դուրս, հետևաբար ոգևորությունը սովորականից էլ ավելի շատ էր։ Մեր խմբի ելույթը շատ ստացված էր, վերադարձել ենք գովասանագրերով, մեդալներով և այլ պարգևներով: Առիթից օգտվելով շնորհակալություն ենք հայտնում փառատոնի ղեկավար Թամազ Քաջայային, մեզ մասնակցության հնարավորություն ընձեռելու համար»,- ասում է «Ջեյրանի» պարային համույթի պարուսույց Սյուզաննա Էլոյանը։

Հարկ է նշել, որ «Փարվանա» պարային համույթը գործում է դեռևս 1960-70-ականներից։ Վերջին 11 տարիների ընթացքում այն ղեկավարում է Լուսինե Մզիկյանը։

«Ջեյրանի» պարային ստուդիան ստեղծվել է 2024 թվականի նոյեմբերի 1-ին։ Ստուդիայի հիմնադիրներն են Սյուզաննա Էլոյանը և Քրիստինե Հանեսյանը։

Գորելովկա գյուղում գործող «Էմիլի» պարային համույթը մոտ մեկ տարվա պատմություն ունի։ Այն անվանվել է համույթի պարուսույց Ֆիալա Բաբոյանի դստեր՝ Էմիլիի անունով։