Երաժշտությունը Աննային Նինոծմինդայից հասցրեց Կանադա

Երաժշտությունը Աննային Նինոծմինդայից հասցրեց Կանադա

Երաժշտության հանդեպ սերը Աննա Ղարսլյանին Նինոծմինդայից հասցրել է մինչև Կանադայի Մոնրեալ քաղաք, որտեղ նա այսօր օպերային երգեցողություն է ուսանում McGill համալսարանում։ Փոքր տարիքից դաշնամուրի ու վոկալի մեջ զարգացած աղջիկը այժմ քայլ առ քայլ իրականացնում է իր երազանքները՝ չմոռանալով նաև իր արմատներն ու հայրենի քաղաքի մշակութային վերելքի նպատակը։

Աննա Ղարսլյանը ծնվել է Նինոծմինդայում՝ երաժիշտների ընտանիքում, որտեղ արվեստը միշտ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել։ Ծնողները, վաղ հասակում նկատելով նրա երգելու ունակությունները, մեծ ուշադրություն են դարձրել դստեր երաժշտական կրթությանը։ Դպրոցում սովորելու հետ մեկտեղ Աննան հաճախել է Նինոծմինդայի երաժշտական դպրոց՝ ուսումնասիրելով դաշնամուր և վոկալ:

13 տարեկանից Աննան սկսել է վոկալի դասընթացներ ստանալ Երևանում «Ատգեն Արմենյան» հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի շրջանակում։ Նույն ծրագրով, Տորոնտոյից Միսակյան ընտանիքի հատկացրած կրթաթոշակով, նրան ընձեռվել է հնարավորություն շարունակելու ուսումը Կանադայում։

Ներկայումս Աննան սովորում է Կանադայի Մոնրեալ քաղաքում McGill համալսարանի երաժշտության ֆակուլտետի օպերայի երգեցողության բաժնում՝ հայտնի կանադահայ օպերային երգչուհի Ալին Գութանի ղեկավարությամբ։

Աննայի յուրահատուկ ձայնը առաջին անգամ գրավել է ԱԱՀ-ի ուշադրությունը իր ծննդավայր Նինոծմինդայում կայացած մշակութային միջոցառման ժամանակ։ Այդ պահից սկսած՝ հիմնադրամը ճանաչել է նրա տաղանդը որպես աջակցության և զարգացման արժանի պարգև։

 Ալին Գութանի, հովանավորներ Միսակյան ընտանիքի և Արմենյան ընտանիքի հետ.

Աննան ընդգրկվել է Օպերա McGill ծրագրի մեջ, որի հետ առաջին ելունթն ունեցավ այսօր՝ սեպտեմբերի 25-ին Ariapalooza համերգի ժամանակ: Նա Նաև ունի դերերգեր, բայց դեռ փակագծեր չի բացում:

Աննան մեզ հետ զրույցում խոսեց նաև դժվարությունների մասին նշելով, որ դժվարություններ, իհարկե միշտ էլ կան։

«Հեռու ես ընտանիքից, ապրում ես օտար երկրում, ուսումդ՝ օտար լեզվով։ Բայց երբ նպատակ ունես և կողքիդ կան մարդիկ, ովքեր աջակցում և քաջալերում են, ճանապարհը ավելի հեշտ է թվում»,- նշում է Աննան։

Ուսման տարիներին նա մասնակցել է բազմաթիվ համերգների և ներկայացումների՝ թե՛ համալսարանի, թե՛ հիմնադրամի կազմակերպած միջոցառումների շրջանակում։ Առաջիկայում ևս սպասվում է հագեցած և երաժշտությամբ լի տարի։

«Ես ինձ դեռևս կայացած երաժիշտ չեմ համարում, քանի որ օպերային երգեցողությունը երկար տարիների ջանք է պահանջում և երգելուց պետք է ունենալ բավարար երաժշտական գիտելիքներ, ինչը հիմա ձեռք եմ բերում համալսարանում»,- ասում է Աննան:

Հարցին՝ որտեղ է պատկերացնում իրեն ապագայում, նա պատասխանում է․

«Կապրեմ այնտեղ, որտեղ երգը կտանի»։

Աննան երազում է, որ իր ծննդավայրում՝ Նինոծմինդայում մշակութային կյանքը զարգանա ոչ միայն երաժշտության, այլև թատրոնի և կերպարվեստի ոլորտներում.

«Դրա համար ջանք ու եռանդ չեմ խնայի։ Հույս ունեմ իմ և այլ նինոծմինդացի արվեստագետների շնորհիվ մեր քաղաքի մշակութային կյանքը կվերածվի նոր վերելքի»,- հավելեց Աննան։

Աննան անչափ շնորհակալ է ուսուցչին` Ալին Գութանին, ում հետ շատ արդյունքների է հասել և կատարելագործել մասնագիտական կարողությունները, անսահման շնորհակալ է Ատգեն Արմենյան հիմնադրամին և Միսակյան ընտանիքին իր երաժշտական կարողություններին հավատալու, կրթաթոշակ տրամադրելու և ուսման հարցում մեծ ներդրում ունենալու համար, և ընտանիքին, որ ամեն հարցում սատարել և ընդառաջել, որ ինքը հասնի իր նպատակներին:

Armenia tree project-ի բարեգործական համերգից, գիթառահար ` Ռուբեն Մանուկյանի հետ.

Ամենավերջում Աննան հասակակիցներին խորհուրդ է տալիս լինել հաստատակամ և քաջ, քանզի նպատակները իրագործելու ճանապարհը լի է դժվարություններով:

Նշենք որ ԱՏԳԵՆ ԱՐՄԵՆՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ հետևյալ կերպ է մեկնաբանել Աննա Ղարսլայնի մասին.

«Աննա Ղարսլյանը մի շնորհալի երիտասարդ կոնտրալտո, սկսում է համաշխարհային մակարդակի օպերային երգչուհի դառնալու վերափոխման ճանապարհորդությունը: Այս ծագող աստղը հասել է այն բանի, ինչի մասին շատերը կարող են միայն երազել՝ ընդունվել է ՄաքԳիլի համալսարանի հեղինակավոր երաժշտական ​​ծրագիր՝ հայտնի վոկալի ուսուցչուհի տիկին Ալին Գութանի ղեկավարությամբ: Այս ուշագրավ նվաճմանը գումարվում է նաև այն, որ Աննան ՄաքԳիլի կողմից արժանացել է խոշոր կրթաթոշակի, որը հազվագյուտ պատիվ է առաջին կուրսի ուսանողուհու համար: Այսօր մենք ուրախ ենք հայտարարել Հայգ և Վիրջինիա Միսակյան կրթաթոշակի հիմնադրման մասին, որը նախաձեռնություն է, որը նպատակ ունի ապահովել Աննայի գերազանցության ուղու անխոչընդոտ մնալը»: