Հայկական կողմը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը

Հայկական կողմը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը

«Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից առաջնորդվող «Հայաստանի ընկերների ցանց»-ի ներկայացուցիչները Հայաստան-Թուրքիա սահմանի «Մարգարա» վերանորոգված անցակետ այցի արդյունքում արձանագրեցին՝ հայկական կողմը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը:

«Հայաստանի ընկերների ցանց»-ի ներկայացուցիչները Մարգարայի անցակետում շրջայցից ու ստեղծված հնարավորություններին ծանոթանալուց հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել են նաև «Խաղաղության խաչմերուկ» նախածագին՝ այն որակելով խոստումնալից նախաձեռնություն:

Եվրոպական արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Ֆրեդրիկ Վեսլաուն նախ ներկայացրել է խմբի՝ Հայաստան այցի հիմնական նպատակը:

«Մենք եվրոպացիների խումբ ենք, որն աշխատել է Հարավային Կովկասում և շատ հոգատարությամբ է վերաբերվում այս տարածաշրջանին ու Հայաստանին: Մենք այստեղ ենք՝ խոսելու հայ գործընկերների հետ, որպեսզի ավելի իմանանք իրավիճակի մասին՝ հատկապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնի փաստաթղթի ստորագրումից հետո, որը իսկապես պատմական է և նոր հույս և նոր խաղաղություն բերեց տարածաշրջան»,-ասել է Ֆրեդրիկ Վեսլաուն։

Նա շատ տպավորիչ է համարել «Մարգարա» անցակետը, ենթակառուցվածքները: «Ակնհայտ է, որ հայկական կողմը պատրաստ է սահմանի բացմանը, և մենք հույս ունենք, որ դա շատ շուտով տեղի կունենա»,-ասել է Վեսլաուն:

Ըստ նրա՝ Վաշինգտոնում օգոստոսի 8-ի փաստաթղթի ստորագրումից հետո Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացումը պետք է որ առանց խոչընդոտների գործընթաց լինի: «Կարծում եմ՝ մենք բոլորս ցանկանում ենք այս տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման ականատեսը լինել: Եվ, իհարկե, սահմանների բացումը պետք է լինի դրա մի մասը: Մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ»,- նշել է Վեսլաուն: