
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի Վաջիրա հիվանդանոցի մոտակայքում հսկայական փոս է առաջացել՝ կաթվածահար անելով երթևեկությունը և վնասելով ենթակառուցվածքները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։
Տեղեկությունների համաձայն՝ առաջացած փոսը 50 մետր խորությամբ (164 ոտնաչափ) ձգվում է մոտ 900 քառակուսի մետր։
Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է ճանապարհի մակերեսը դանդաղորեն իջնում՝ քանդելով մի քանի էլեկտրական սյուներ և վնասելով ջրատար խողովակները։
Բանգկոկի նահանգապետ Չադչարտ Սիտիպունտը հայտարարել է, որ զոհեր չեն արձանագրվել, սակայն փլուզման հետևանքով վնասվել է երեք մեքենա։ Նա նշել է, որ պաշտոնյաների կարծիքով փլուզումը տեղի է ունեցել ստորգետնյա երկաթուղային կայարանի շինարարության հետևանքով։
Բանգկոկի քաղաքային պաշտոնյաները հայտարարել են, որ միջադեպից հիվանդանոցը չի տուժել, սակայն առաջացած փոսը շատ մոտ է գտնվում ոստիկանական բաժանմունքին, և այն վտանգի տակ է։
Հարակից տարածքներում տարհանումներ են իրականացվել։