
Սեպտեմբերի 5-ին մրցույթ է հայտարարվել Փարվանա գյուղի ներքին ճանապարհների և Ղաուրմա գյուղի ճանապարհի առաջին հատվածի վերանորոգման համար։ Երկու նախագծերի ընդհանուր արժեքը կազմում է 1 058 300 լարի։
Նախագծի ֆինանսավորումն իրականացվելու է հիմնականում պետական բյուջեից՝ 96.231%-ով, իսկ տեղական ինքնակառավարման մարմնի մասնակցությունը կազմում է 3.769%։ Մրցույթի առաջարկությունները այժմ բաց են, և հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի սեպտեմբերի 26-ն է։
Ղաուրմայի ներքին ճանապարհների վերանորոգման (առաջին հատված) նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 260 000 լարի, իսկ Փարվանա գյուղի ներքին ճանապարհների բազմամյա վերանորոգման նախագիծը գնահատվում է 798 300 լարի։
Ըստ գնումների պաշտոնական կայքի՝ աշխատանքների կատարման համար նախատեսված է 16 շաբաթ ժամկետ: Մատակարարը պարտավոր է սկսել աշխատանքները պայմանագրի ստորագրումից հետո 3 օրվա ընթացքում: Նախատեսված է երկու փուլ՝ առաջին փուլը կտևի 8 շաբաթ, իսկ երկրորդ փուլը, որը նախատեսված է 2026 թվականին, նույնպես կկազմի 8 շաբաթ: Երկրորդ փուլի աշխատանքների ժամկետները կհաշվարկվեն այն պահից, երբ մատակարարը ստանա գրավոր ծանուցում գնորդից։
Հարկ է նշել, որ Ղաուրմայում գյուղամիջյան որոշ ճանապարհներ արդեն ասֆալտապատված են:
Ղաուրմայի բնակիչները ավելի վաղ նշել էին, որ այս նախագիծը կարևոր քայլ է գյուղի զարգացման համար՝ ճանապարհների ասֆալտապատումը կփոխի գյուղի ընդհանուր տեսքը և կխթանի մաքրության և սպասարկման բարելավումը: Ինչ վերաբերվում է Փարվանա գյուղին՝ բնակիչները տարիներ շարունակ բարձրաձայնում են ներքին ճանապարհների վատ վիճակի մասին՝ որպես հիմնական խնդիր, որը NOR-ը բազմիցս է լուսաբանել։
Ղաուրմայում ավարտին են մոտենում ասֆալտապատման աշխատանքները
Քարե դար, կամ Փարվանայի քարքարոտ ու անտանելի ճանապարհները | Ֆոտո
Փարվանա գյուղի ամենակարևոր խնդիրը
Հարկ է նշել, որ ներքին ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել մունիցիպալիտետի Ղուլալիս, Հեշտիա, Թորիա, Ղարումա, Գանձա, Մեծ Արագյալ, Փոքր Արագյալ, Գորելովկա, Ախալի Խուլգումո գյուղերում։