Փոքր Գոնդուրան նշեց իր 196 ամյակը

Փոքր Գոնդուրան նշեց իր 196 ամյակը

Սեպտեմբերի 27-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա գյուղում նշվեց գյուղի տոնը՝ հիմնադրման 196-ամյակը։ Միջոցառումը կազմակերպվել էր համատեղ՝ ինչպես արտերկրում ապրող, այնպես էլ գյուղում բնակվող Փ. Գոնդուրայի բնակիչների նախաձեռնությամբ և ջանքերով։

Տոնական միջոցառմանը մասնակցում էին ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանում բնակվող փոքրգոնդուրացիներ, բազմաթիվ հյուրեր Վրաստանի տարբեր շրջաններից, համայնքի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ։

Տոնակատարությունը մեկնարկեց վաղ առավոտյան՝ Սուրբ Պատարագով, որը կատարվեց Սուրբ Ղևոնդյանց Եկեղեցում։ Պատարագից հետո տոնական միջոցառումը շարունակվեց գյուղի կենտրոնում՝ համախմբելով համագյուղացիներին և բազմաթիվ հյուրերին։

Տոնին ներկա էր նաև հայաստանաբնակ, ծագումով Գոնդուրա գյուղից ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր և քաղաքական գործիչ Տաճատ Վարդապետյանը, ով իր խոսքում շնորհավորեց բոլոր համագյուղացիներին՝ մասնավորապես նշելով․

«Այսօր փոքրգոնդուրացիների համար թերևս տարվա ամենակարևոր օրն է, որովհետև երբ 2019 թվականին այս օրը վերաօծվեց գյուղի եկեղեցին, ավանդաբար սեպտեմբերի վերջին շաբաթ օրը մենք նշում ենք որպես ուխտի օր՝ մեր գյուղի և տունդարձի օրը։
Փոքր Գոնդուրան բնակչության թվով մեծ չէ, սակայն այն տվել է բարձր մակարդակի մտավորականներ՝ ինչպես հայ ժողովրդին, այնպես էլ Ջավախքին։ Այսօրվա արարողությունը տունդարձի արարողություն էր»։

Տոնական համերգային ծրագիրը լի էր գեղեցիկ ելույթներով։ Ներկայացան երգիչներ Մավր Մկրտչյանը, Հայաստան Իսպիրյանը, ինչպես նաև Փոքր Գոնդուրայի պարի խումբը։

Տոնական օրը եզրափակվեց հյուրասիրությամբ՝ նախատեսված ամբողջ գյուղի և հյուրերի համար՝ ջերմ, սիրով լի մթնոլորտում։

Մանրամասները տեսանյութում․