
Սպիտակ տունը հրապարակել է Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման 21 կետից բաղկացած ծրագիր, որը նախատեսում է ժամանակավոր միջազգային վարչակազմի ստեղծում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի մասնակցությամբ մշակված փաստաթուղթը ներառում է հետևյալ հիմնական դրույթները՝
Անհապաղ հրադադար և մնացած բոլոր պատանդների ազատ արձակում։
Իսրայելական զորքերի աստիճանական դուրսբերում Գազայի հատվածից։
Գազայի հատվածի ապառազմականացում և ՀԱՄԱՍ-ի ու Իսլամական Ջիհադի զինաթափում։
Ժամանակավոր միջազգային վարչակազմի ստեղծում, որը հայտնի է որպես Գազայի միջազգային անցումային մարմին (GITA), որի ծրագիրը հնարավոր է ղեկավարի Թոնի Բլեերը։
Գազայի ենթակառուցվածքների վերականգնում հինգ տարվա ընթացքում՝ միջազգային և արաբ գործընկերների մասնակցությամբ։
Ծրագիրը նախատեսում է ապագայում պաղեստինյան պետության ստեղծման հնարավորություն, ինչը վիճահարույց է իսրայելցի առաջնորդների շրջանում։
Առաջարկը ներառում է նաև միջազգային կայունացման կառույցի ստեղծում, որը կհսկի Գազայի անվտանգությունը և կուսուցանի պաղեստինյան ոստիկանությանը։
Եթե ՀԱՄԱՍը հրաժարվի կատարել պլանի պայմանները, դրա իրականացումը կշարունակվի Համասի գործունեությունից զերծ տարածքներում։
Պլանը նախագահ Թրամփը ներկայացրել է արաբական և մուսուլմանական երկրներին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընթացքում։