
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով՝ երկու անձ ձերբակալվել է պետական գույքի խարդախությամբ յուրացման և խոշոր չափով փողի լվացման մեղադրանքով։ Գերատեսչությունը հայտնում է, որ գործը վերաբերում է 94 444 427 լարի ընդհանուր արժողությամբ մրցույթներին, որոնք նախատեսված էին 30 մանկապարտեզի և չորս դպրոցի կառուցման համար։ Այս մասին գրում է Ջավախքի լրատվական կենտրոնը․
Նշենք, որ «Լաղի Կապիտալ» ընկերությունը, որի ներկայացուցիչները ձերբակալվել են, 2023 թվականին նաև շահել էր Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզի վերանորոգման մրցույթը, սակայն այդպես էլ չէր իրականացրել աշխատանքները։
«Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության կողմից ձերբակալվել է երկու անձ՝ պետական գույքի խարդախությամբ յուրացման և խոշոր չափով փողի լվացման մեղադրանքով։
2023 թվականին մեղադրյալներ Ա.Բ.-ն և Բ.Բ.-ն «Լաղի Կապիտալ» ՍՊԸ-ի միջոցով շահել են «Մունիցիպալ զարգացման հիմնադրամի» կողմից հայտարարված 11 մրցույթ՝ 30 մանկապարտեզի վերակառուցման և վերականգնման համար։ Այսօրվա դրությամբ որևէ օբյեկտում շինարարական աշխատանքները չեն ավարտվել։
Համաձայն «Կրթական և գիտական ենթակառուցվածքների զարգացման գործակալություն» ՀԻԻԱ-ի հետ կնքված պայմանագրի՝ Գորիի մունիցիպալիտետում պետք է կառուցվեր մեկ դպրոց, իսկ Խաշուրիի մունիցիպալիտետում՝ երեքը։ Եվ այս պարագայում ոչ մի դպրոց չի կառուցվել։
Մրցութային պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 94 444 427 լարի։
Միջոցները յուրացնելու համար մեղադրյալները, հանցավոր խմբի մյուս անդամների հետ միասին, գրանցվել են որակավորված մատակարարների այսպես կոչված «սպիտակ ցուցակում», որը մատակարարին տալիս է արտոնյալ պայմաններ պարզեցված ընթացակարգով կանխավճարներ ստանալու հարցում: Հանցագործներն օգտվել են նշված արտոնություններից, տրամադրել են բանկային երաշխիք ընդամենը 50%-ի համար և խարդախ ճանապարհով յուրացրել են Մունիցիպալ զարգացման հիմնադրամի կողմից որպես կանխավճար վճարված 9 365 801 լարին: