
Փարվանա լճի ափին գտնվող գյուղում ձկնորսությունը պարզապես աշխատանք չէ՝ այն կենսակերպ է։ Չնայած այս տարվա ձկան պաշարների նվազմանը և օրվա ընթացքում հազիվ 1-2 կիլոգրամ որսին, տեղաբնակները շարունակում են ամեն օր դուրս գալ լիճ՝ հույսով, որ ապրուստի միջոցը դեռ այնտեղ է։
Փարվանա և Փոկա գյուղերի բնակիչները զբաղվում են ձկնորսությամբ։ Ձկնորսությունն առաջին հայացքից կարող է թվալ որպես սովորական գյուղատնտեսական զբաղմունք, սակայն տեղաբնակները վստահեցնում են՝ այն պահանջում է ոչ միայն ֆիզիկական ուժ, այլև մեծ համբերություն ու հաստատակամություն։
Տեղաբնակներից որոշները որսում են ցանցերով, որոշները ձկնորսության կարթով, որը նույնպես ըստ ձկնորսների ծախսատար է։
Փարվանա գյուղի բնակիչը արդեն երկու տասնամյակ զբաղվում է ձկնորսությամբ, նշում է, որ դա շատ ավելի բարդ է, քան անասնապահությունը։
«Ձկնորսությունը մեծ փորձ է պահանջում։ Երբեմն օրերով կարող ենք լճում լինել, բայց ձուկ չբերենք։ Ջրի մակարդակը, եղանակը, ձկների սեզոնային տեղաշարժը՝ ամեն բան ազդում է արդյունքի վրա։ Անասնապահության դեպքում գոնե գիտես՝ ինչ ես կերակրում և վտանգ չկա», -ասում է բնակիչը։
Չնայած դժվարություններին՝ Փարվանա և Փոկա գյուղի բնակիչների շուրջ 70 տոկոսը շարունակում է զբաղվել ձկնորսությամբ՝ մասնավորապես գարնան և ամռան ամիսներին, երբ ձկնորսական սեզոնը ակտիվ է։
Տեղական շուկայում ամենապահանջված ձկներից են կարասը և ռյապուշկան։ Այս տարի ձկան քանակի նվազման պատճառով գները աճել են։ Կարասը վաճառվում է մոտ 22 լարիով կիլոգրամը, մինչդեռ ռյապուշկայի գինը հասել է 12 լարիի։ Այս գները գերազանցում են նախորդ տարվա միջին գները, ինչը կապված է ձկան պաշարների նվազման հետ։ Այս մասին մեզ հայտնեց վաճառող ձկնորսներից մեկը։
«Արդեն մեկ շաբաթ է՝ Նինոծմինդա չեմ գնացել, քանի որ ձկան պաշարներն այս տարի շատ նվազ են։ Օրական կարողանում եմ բռնել ընդամենը 1-ից 2 կիլոգրամ ձուկ։ Չնայած դժվարություններին՝ դա մեր ապրուստի հիմնական աղբյուրն է»,- ասում է գյուղի մեկ այլ բնակիչ։
Չնայած այս ամենին, Փարվանայի բնակիչները չեն հրաժարվում իրենց ավանդական զբաղմունքից։ Բացի ֆինանսական եկամտից, ձկնորսությունը նրանց համար ապրելակերպ է, ինչպես նաև իրենց կյանքի առօրյայի մի մասն է կազմում։