Եվրոպական Միության շուկան դեռևս անհասանելի է մնում Ջավախեթիի մեղրի և կարտոֆիլի համար

Եվրոպական Միության շուկան դեռևս անհասանելի է մնում Ջավախեթիի մեղրի և կարտոֆիլի համար

Արդյո՞ք Եվրոպական Միության հետ Ազատ առևտրի մասին համաձայնագիրը վերաբերում է Սամցխե-Ջավախեթիի բնակիչներին:

Զորքին Չոգանդարյանը ապրում է Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի Նինոծմինդա քաղաքում և իր 55 ամյա կյանքի 30 տարվա յուրաքանչյուր օրը սկսում է մեղուների խնամքով:

«Մեղուների նկատմամբ պետք է ուշադիրր լինել հատկապես ձմռանը, քանի որ այդ նուրբ արարածները հեշտությամբ սատկում են հենց այս եղանակին: Իմ ընտանիքը ապրում է այդ մեզրից ստացված եկամուտով և հակառակ դեպքում այն ևս չի կարող գոյատևել»,- նշում է մեղվապահը:

Չոգանդարյանը ընդհանուր հաշվով ունի 80 փեթակ, որոնք տարեկան 8-9 տոննա մեղր են տալիս: Մեղրի մի մասը մեղվապահին հաջողվում է իրացնել հենց տեղում, մի մասը` Թբիլիսիում, մի մասն էլ ուղարկում է Հայաստան, երբեմն էլ՝ Ռուսաստան: Սակայն մեղվապահի խոսքով՝ ոչ մի անգամ չի կարողացել մեղրը արտահանել Եվրոպա, չնայած այն հանգամանքին, որ արդեն 3 տարի է, ինչ Վրաստանը Եվրոպական Միության հետ ստորագրել է Ազատ առևտրի մասին համաձայնագիրը: Այս համաձայնագիրը նախատեսում է առանց մաքսային տուրքերի (դրանք նախկինում զգալիորեն բարձրացնում էին արտադրանքի արժեքը և այն դարձնում ոչ մրցունակ) ապրանքի արտահանում դեպի եվրոպական երկրներ:

«Իհարկե, տեղի շուկան շատ կարևոր է, բայց այն փոքր է և ընդամեմը 3-4 կիլոգրամներով են մարդիկ մեղր գնում: Եվրոպա արտահանելը, անշուշտ, մեծ խթան կարող է լինել»,-նշեց Չոգանդարյանը:

Նինոծմինդան փոքր քաղաք է` տեղակայված Վրաստանի հարավի լեռնային գոտում: Կարտոֆիլը, պանիրը և մեղրը 3 «ֆիրմային» տեղական արտադրանքներն են: Թբիլիսիի խանութներում և շուկաներում մեղրի մյուս բանկաների կամ կարտոֆիլի պարկերի կողքին Նինոծմինդայից բերված մեղրի և կարտոֆիլի տարաների վրա մեծատառերով կատարված «ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻՑ» կամ «ԱԽԱԼՔԱԼԱՔԻՑ» մակագրությունը սպառողներից շատերի համար ուրույն համի նշան է:

Վրաստանի միջազգային և ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի ավագ հետազոտող Կախա Գոգոլաշվիլին Ռադիո Նորին փոխանցեց, որ Վրաստանում ակտիվ կերպով ընթանում են հավատարմագրված լաբորատորիաների ցանցի ստեղծման աշխատանքներ: Այդ լաբորատորիաները համալրված կլինեն անհրաժեշտ սարքավորումներով, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ստուգել արտադրանքի որակը: Բարձր որակի առկայության դեպքում` լաբորատորիան կտրամադրի վկայական առ այն, որ արտադրանքը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին:
Եվրոպական Միության շուկան ունի 500 մլն բնակչություն, որը, ի տարբերություն Վրաստանի և կովկասյան մյուս տարածաշրջանների, ավելի բարեկեցիկ է:

Փորձագետ Գոգոլաշվիլիի խոսքով` այդ շուկան հասանելի պետք է լինի Վրաստանի ֆերմերների համար: Փորձագետը հավելեց նաև, որ ինքը վստահ է, որ Ջավախեթիի մեղրը ունի բոլոր նախադրյալները եվրոպական շուկա արտահանելու համար:

Գարուշ Արզումանյան