
Նինոծմինդայում ջրագծերի փոխարինումից հետո շատ փողոցներ վերականգնման չեն ենթարկվել՝ քանդված ճանապարհները և կուտակված ջուրը շարունակում են խոչընդոտել քաղաքի տրանսպորտին ու բնակիչներին։
Նինոծմինդայում մի քանի ամիս առաջ իրականացված ջրագծերի վերանորոգման ու փոխարինման աշխատանքներից հետո քաղաքի մի շարք փողոցներ մնացել են անանցանելի վիճակում։
Ասֆալտապատ ճանապարհները քանդված են, դրանց վրա մեծ փոսեր են առաջացել, որոշ հատվածներում կուտակվել է ջուր, իսկ որոշ տեղերում մնացել են խճաքարեր։
Շինարարական տեխնիկայի աշխատանքներից հետո ճանապարհները վերականգնման չեն ենթարկվել, ինչն էլ դարձել է խոչընդոտ ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտնի համար` հատկապես Սպանդարյան փողոցի վերին մասում, տեղաշարժը գրեթե անհնար է։
Բազմիցս ենք փորձել կապ հաստատել Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության հետ, սակայն այդ փորձերն արդյունք չեն տվել։ Ինչու Նինոծմինդայի փողոցները չեն վերանորոգվում, հարցը դեռ անպատասխան է։
Սպանդարյան փողոցի ջրագծի աշխատանքները մնացել են կիսատ՝ խոչընդոտելով երթևեկությանը
Սակայն հարկ է նշել, որ մասամբ ասֆալտապատվել են Նինոծմինդա քաղաքի Էրզրումյան, Հայկական, Գոգոլ, Քութաիսյան, Գագարինի և Վրացական փողոցների ջրատար գծերի անցկացման համար քանդված ճանապարհահատվածները:
Նշենք, որ ջրագծերի ասֆալտապատման աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև 2025 թվականի վերջ։ Ըստ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության միացյալ ջրամատակարարման ընկերության՝ Նինոծմինդա քաղաքում և մունիցիպալիտետի 3 գյուղերում (Մեծ Խանչալի, Կաթնատու, Օրոջալար) ընդհանուր առմամբ 7400 շահառուներ կապահովվեն ժամանակակից չափանիշներին համապատասխան 24-ժամյա ջրամատակարարմամբ։ Նախագծի վրա պետական բյուջեից կծախսվի 40 միլիոն լարի։
Նինոծմինդայի Պուշկինի փողոցում տաս օր շարունակ ջուր է հոսում