Գումբուրդոյում կրքերը հանդարտվել են

Գումբուրդոյում կրքերը հանդարտվել են

Գումբուրդոյի բնակիչները քաշվել են իրենց տները: Այն վայրը, որտեղ ընթանում էր բողոքի ակցիան, շղթայակապված է, իսկ իրավիճակը հանդարտված է:

Սեպտեմբերի 30-ին առավոտյան ժամը 11:00-ին Գումբուրդո գյուղի բնակիչները հավաքվել էին, որպեսզի խաչքար տեղադրեին վերաթաղված հանգուցյալների գերեզմանի մոտակայքում: Այդ գերեզմանոցում են թաղված գյուղացիների նախապապերի ոսկորները, որոնք հայտնաբերվել են 10-րդ դարի առաջնորդանիստ եկեղեցում վերջինիս վերանորոգման ժամանակ: Սակայն Ախալքալաքի ոստիկանության աշխատակիցները գյուղացիներին թույլ չէին տվել մտնել եկեղեցու բակ` պատճառաբանելով, որ դրա համար նրանք համապատասխան հրահանգ չեն ստացել:

Արդյունքում այս փաստը միջադեպի առարկա էր դարձել գյուղացիների և ոստիկանների միջև: Միջադեպից տուժել էին ինչպես գյուղացիները, այդպես էլ ոստիկանները: Ախալքալաքի հիվանդանոց են տարվել ոստիկանության 4 աշխատակիցներ, նրանց վիճակները բժիշկները գնահատում են կայուն: Վիրավոր գյուղացիները հիվանդանոց չեն գնացել: Վնասվածքները եղել քարերով և անմիջական բախման արդյունքում, ոչ ոք հրազենային վիրավորում չի ստացել: Հատուկ նշանակության ուժերը կրակոցներ են հնչեցրել, որոնք հիմնականում օդ են բաց թողնվել, իրավիճակը հանդարտեցնելու նպատակով:

Միջադեպի հետևանքով երկու գյուղացիներ ձերբակալվել են: Միջադեպի վայր է ժամանել նաև Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին, ով բանակցությունների ժամանակ խոստացել է ազատ արձակել ձերբակալվածներին: Ժամը 18:00-ին ձերբակալվածները վերադարձել են Գումբուրդո: Դրանից հետո հավաքված բնակիչները գնացել են տուն:

Խաչքարի տեղադրման հարցի քննարկումը հետաձգվել է:

Հարուցված է քրեական գործ, տարվում է հետաքննություն:


Նյութը պատրաստեցին Գարուշ Արզումանյանը և Բորիս Ղարսլյանը