
Շվեդիայի Կարոլինսկա ինստիտուտի գիտնականները պարզել են, որ քնի խանգարումներ ունեցող մարդկանց ուղեղը իրենց ժամանակագրական տարիքից ավելի ծեր է երևում։ Ուսումնասիրությունը հրապարակվել է EBioMedicine ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է UK Biobank-ից միջին և տարեց տարիքի 27,5 հազար անհատ, որոնց մոտ անցկացվել է գլխուղեղի ՄՌՏ։ Մեքենայական ուսուցման միջոցով գիտնականները գնահատել են գլխուղեղի «կենսաբանական տարիքը»՝ այն համադրելով փաստացի տարիքի հետ։
Քնի որակը հաշվարկվել է հինգ պարամետրով՝ քրոնոտիպ, քնի տևողություն, անքնություն, խռմփոց և ցերեկային քնկոտություն։ Ցածր ցուցանիշներ ունեցող մարդկանց մոտ գլխուղեղը միջինում մեկ տարով ավելի մեծ տեսք ուներ, քան նրանց իրական տարիքը։ Ընդ որում, «քնի ինդեքսի» նվազման յուրաքանչյուր միավոր համապատասխանել է գլխուղեղի ծերացման արագացմանը (մոտավորապես կես տարով)։
Գիտնականները նաև կապ են հայտնաբերել վատ քնի և քրոնիկ թույլ արտահայտված բորբոքման միջև. այս գործոնը բացատրում է գլխուղեղի արագացված ծերացման մոտ 10%-ը։ Հեղինակների կարծիքով՝ մեխանիզմին կարող են մասնակցել նաև այլ գործընթացներ՝ սկսած քնի ժամանակ ակտիվ գլխուղեղի «մաքրման համակարգի» խախտումից մինչև քնի ազդեցությունը սիրտ-անոթային առողջության վրա։
«Քանի որ քունը հնարավոր է բարելավել՝ դա հնարավորություն է բացում գլխուղեղի ծերացումը դանդաղեցնելու և հնարավոր ճանաչողական ֆունկցիաների խանգարման ռիսկը նվազեցնելու համար», – ընդգծել է հետազոտության առաջատար հեղինակ Աբիգեյլ Դոուն։