
Դիանան, ով դեռ դպրոցական տարիներին ընտրեց մանկավարժի ուղին այսօր իր գիտելիքներով ու հոգատարությամբ օգնում է երեխաներին զարգանալ և հաղթահարել դժվարությունները։
Դիանա Մինասյանը ծնվել է Ախալցիխեում։ Կրթությունը Դիանան ստացել է Ախալցիխեի թիվ 3 հանրային դպրոցում, որը ավարտել է 2019 թվականին։ Հենց դպրոցական տարիներին էլ հասկացել է, որ իր ապագան ուզում է կապել մանկավարժության հետ․ «Հիշում եմ մի օր՝ երբ դեռ 14 տարեկան էի, դպրոցի տնօրենը խնդրեց ինձ 10 րոպեով մտնել իր դասարան՝ երեխաներին մենակ չթողնելու համար: Լեզու գտնելով երեխաների հետ ես շարունակեցի դասապրոցեսը։ Հենց այդ պահից սկսած համոզվեցի, որ կարող եմ լինել լավ մանկավարժ և կարող եմ աջակցել երեխաներին սովորելու և աճելու գործընթացում»,- պատմում է երիտասարդուհին:

2020 թվականին Դիանան ընդունվել է Ախալցիխեի Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի տարրական ուսուցչի բաժին, որտեղ շարունակում է ուսումը մինչ օրս։ Դիանաի խոսքով համալսարանը իրեն տվել է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև մարդկային ու գործնական հմտություններ, որոնք ապագայում կօգնեն դառնալ հոգատար և սեր տարածող մանկավարժ․ «Ես ուզում եմ ցույց տալ որ պարզապես ուսուցիչ չեն լինում, այլև ոգեշնչել երեխաներին, ցույց տալ, որ դժվարությունների մեջ ևս կարելի է առաջ գնալ, և յուրաքանչյուր երեխայի համար ստեղծել անվտանգ և սեր խթանող միջավայր, որտեղ նա կզգա իր արժեքը և կարողություն ունենալ զարգանալու համար»։
Տարիների ընթացքում Դիանան մասնակցել է մի շարք կրթական և զարգացման ծրագրերի։ 2021 թվականին Թբիլիսիի Իլիա Ճավճավաձեի պետական համալսարանում վերապատրաստվել է որպես հայալեզու վարքային (ABA) թերապևտ։ Այս ուղղությունը Դիանայի կյանքում նոր էջ է բացել։ Սկզբում նա նույնիսկ չգիտեր, որ նման մասնագիտություն գոյություն ունի, սակայն աշխատանքի առաջարկ ստանալով՝ համաձայնել է սովորել և աշխատել երեխաների և դեռահասների զարգացման կենտրոնում։
«Հիշում եմ իմ առաջին հանդիպումը երեխայի հետ, ով հաճախ էր հայտնվում վարքային դժվարությունների մեջ։ Սկզբում զգում էի խիստ պատասխանատվություն ու մի փոքր վախ՝ պրակտիկայում նման իրավիճակները կառավարելը շատ ավելի բարդ էր, քան ես պատկերացնում էի»,-ասում է Դիանան հավելելով, որ ամեն կերպ փորձում էր ապահովել, որ երեխան իրեն չվնասի և զգա իր աջակցությունը։ Մի քանի օր համբերատար աշխատանքի և ուշադիր մոտեցման շնորհիվ նկատել է առաջին փոփոխությունը։ Այդ փոքրիկ, բայց չափազանց կարևոր հաջողությունը Դիանաին ստիպեց հասկանալի դարձնել, թե որքան մեծ ազդեցություն կարող է ունենալ երեխաների վրա և որքան կարևոր է իր աշխատանքը։

2022 թվականից մինչ այսօր Դիանան աշխատում է նույն կենտրոնում(ბავშვთა და მოზარდთა განვითარების ცენტრი)՝ օգնելով երեխաներին զարգանալ և հաղթահարել վարքային բարդությունները։
Աշխատանքից դուրս նա սիրում է ճանապարհորդել, սովորել նոր բաներ, զբաղվել սպորտով, ուսումնասիրել հոգեբանություն, մասնակցել մեդիտացիոն դասընթացների, տրենինգների և կոնֆերենցիաների։
«Իմ նպատակը միշտ եղել է լինել կայացած և հաջողակ և մասնագիտությանս յուրաքանչյուր ոլորտում հասնել առաջադիմության։ Երիտասարդներին խորհուրդ կտամ չհանձնվել, հավատարիմ մնալ նպատակներին և միշտ առաջ գնալ», – եզրափակում է Դիանա Մինասյանը։

