Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում ծնված և մեծացած Ռադիկը մանկությունից շրջապատված է եղել ընտանիքի արժեքներով՝ ազնվությամբ, աշխատասիրությամբ և հայրենասիրությամբ։ Դրանք էլ հենց դարձան այն հիմքը, որի վրա նա կառուցեց իր ապագան։
Ռադիկ Եզոյանը ծնվել է 1998 թվականին, Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղում։ Մեծացել է աշխատասեր և համեստ ընտանիքում, որտեղ առաջնային արժեքներն էին ազնվությունը, կրթությունը և հայրենիքի հանդեպ սերը։
Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է Դիլիսկայի դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ ընտրելով պարարվեստի ռեժիսուրա մասնագիտությունը։

Այսօր Ռադիկը աշխատում է որպես պարուսույց և ղեկավարում է «LineUp» մշակույթի և ժամանցի կենտրոնը, ինչպես նաև «ԱՐԷ» պարային համույթը։ Պարը Ռադիկի կյանքի անբաժան մասն է։ «Այն միայն աշխատանք կամ մասնագիտություն չէ, այլ իմ ինքնության, ստեղծագործականության և ուժի աղբյուրն է։ Պարը ինձ հնարավորություն է տալիս արտահայտել այն, ինչ բառերով հնարավոր չէ ասել»,- ասում է նա։ Պարարվեստի ընտրությունը պատահական չի եղել՝ մանկուց սիրելով արվեստը՝ Ռադիկը հասկացել է, որ այս ուղին նրան հնարավորություն կտա ոչ միայն ստեղծագործել, այլև իր փորձն ու գիտելիքը փոխանցել սերունդներին։
«ԱՐԷ» համույթի գաղափարը ծնվել է Ախալքալաքի երիտասարդներին և երեխաներին միավորելու ցանկությունից։ Պարուսույցը ցանկանում էր ստեղծել խումբ, որտեղ սաները ոչ միայն պարեն, այլև դառնան կարգապահ, համախմբված և ազգային մշակույթը կրող անհատներ։
Նախկինում, 2016 թվականից, իր ծննդավայր Դիլիսկայում գործել է «Գուգարք» պարի խումբը, որն ավելի ուշ վերանվանվել է «ԱՐԷ»։ «Ար» արմատը խորհրդանշում է հայկականության սկիզբը, իսկ «Է»-ն՝ հոգևոր էությունը։

Այսօր խմբում շուրջ 400 սան է՝ բաժանված տարբեր ուղղություններով՝ դասական, ժողովրդական, ժամանակակից և գիմնաստիկա։
Պարուսույցի խոսքով իր սաներին սովորեցնում է ոչ միայն պարի արվեստը, այլև մարդկային արժեքներ՝ հարգանք, ընկերություն, աշխատասիրություն, համառություն․ «Արվեստը միայն բեմի վրա ցուցադրվող գեղեցիկ շարժումներ չեն, այլ նաև կյանքի դպրոց»,– ընդգծում է նա։
Բացի պարարվեստից, Ռադիկը զբաղվում է նաև բիզնեսով։ Ախալքալաքում է նրա հիմնած մանկական խաղասրահը և սրճարանը․ «Սա ևս ինձ համար ստեղծագործական աշխարհ է․ նպատակս այն է, որ մեր փոքրիկները, ապրելով փոքր քաղաքում, չզգան մեծ քաղաքի հնարավորությունների պակասը և վայելեն իրենց մանկության ամենագեղեցիկ պահերը հենց իրենց քաղաքում»։
Ռադիկը ասում է, որ իր ճանապարհին եղել են բազմաթիվ փորձություններ՝ նյութական դժվարություններից մինչև հոգեբանական խնդիրներ։ Երբեմն էլ առաջացել է հիասթափություն՝ կապված մասնագիտական ապագայի անորոշության հետ։ Սակայն, ինչպես ինքն է ասում, յուրաքանչյուր փորձություն դարձել է ամրանալու և առաջ շարժվելու հնարավորություն։
«Փոքր քաղաքում մշակութային կենտրոն ղեկավարելը հեշտ չէ։ Առաջին հերթին՝ ֆինանսական սահմանափակումներ կան։ Բացի այդ, երբեմն դժվար է հավաքել մասնագետների կամ գտնել պայմաններ, որոնք մեծ քաղաքներում ավելի հասանելի են։ Բայց այդ ամենը մեզ երբեք չի կանգնեցրել, այլ հակառակը՝ տվել է ուժ ավելի ստեղծագործ ու համառ լինելու»։

Նշենք, որ պարուսույցը վերջերս դարձել է Միջազգային Պարային Խորհրդի (CID-UNESCO) և Եվրոպական Ժողովրդական Փառատոների Ասոցիացիայի (EAFF) անդամ։ Ռադիկի խոսքով՝ այս ձեռքբերումները ոչ միայն մեծ պատիվ են, այլև պարտավորություն․
«Այս անդամակցությունները կարևոր են, քանի որ մեզ տալիս են միջազգային ճանաչում և վստահություն»,-ասում է Ռադիկը հավելելով, որ հնարավորություն են տալիս սաներին տրամադրել միջազգային դիպլոմներ, բացում են դռներ աշխարհի տարբեր փառատոների մասնակցելու համար, օգնում են համագործակցել տարբեր երկրների մշակութային կառույցների հետ։
Ռադիկ Եզոյանը երիտասարդներին խորհուրդ է տալիս երբեք չհանձնվել։ Հավատան իրենց երազանքներին, աշխատեն ազնիվ ու համառ, ունենան հստակ նպատակ և ամեն օր քայլ անեն դրա համար․ «Խորհուրդ եմ տալիս նաև ունենալ փոքրիկ բլոկնոտ, որտեղ գրի առնեք ձեր մտքերն ու նպատակները և ամեն օր ընթերցեք դրանք։ Այսպես դուք ձեր ուղեղին և հոգուն կուղարկեք ճիշտ ուղերձներ, և ամեն դժվարություն կվերածվի հաջողության»,-եզրափակում է նա։