ԵՄ-ն հայտարարություն է տարածել Վրաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ

ԵՄ-ն հայտարարություն է տարածել Վրաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ

Եվրոպական Միության բարձր ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Քոսը համատեղ հայտարարություն են տարածում Վրաստանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անցկացվել են այլախոհության լայնածավալ ճնշման պայմաններում։ Եվրոպական դաշինքը նաև կոչ է անում իշխանություններին պաշտպանել քաղաքացիների հավաքների և խոսքի ազատությունը և դատապարտում է ԵՄ դեսպանի վրա հարձակումները։

«Անկախ լրատվամիջոցների վրա ամիսներ շարունակ հարձակումները, քաղաքացիական հասարակությանը ուղղված օրենքների ընդունումը, հակառակորդների և ակտիվիստների ձերբակալությունները, ինչպես նաև ընտրական օրենսգրքում իշխող կուսակցության օգտին կատարված փոփոխությունները կտրուկ նվազեցրել են մրցակցային ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Ընդդիմության մեծ մասը բոյկոտել է այս ընտրությունները, և ընտրողների մասնակցությունը համեմատաբար ցածր է եղել։

Բացի այդ, Վրաստանի իշխանությունների կողմից միջազգային դիտորդներին, մասնավորապես՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, ժամանակին հրավիրելուց հրաժարվելը խաթարել է ընտրական գործընթացի թափանցիկությունը և խոչընդոտել է հավաստի և իմաստալից միջազգային դիտարկումը։ Տեղական կազմակերպությունները նույնպես ձեռնպահ են մնացել դիտարկումից՝ բռնաճնշողական միջավայրի պատճառով։

Մեծ թվով մարդիկ հետևողականորեն բողոքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության բռնաճնշողական քաղաքականության դեմ։ Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր անարդարացիորեն ձերբակալվել են։

Մենք կոչ ենք անում հանգստության և զսպվածության հետընտրական շրջանում և կոչ ենք անում իշխանություններին պաշտպանել քաղաքացիների հավաքների և խոսքի ազատությունը։ Անհրաժեշտ է կառուցողական և ներառական երկխոսություն, որը կներգրավի բոլոր քաղաքական գործիչներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, և կոչ ենք անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ բռնություն։

Վերջապես, ԵՄ-ն կտրականապես մերժում և դատապարտում է Վրաստանում ԵՄ-ի դերի մասին ապատեղեկատվությունը, ինչպես նաև ԵՄ դեսպանի դեմ անձնական հարձակումները», – ասվում է հայտարարության մեջ։