
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Եֆրեմովկա և Ժդանովական գյուղերի գյուղամիջյան ճանապարհներին կատարվել են հարթեցման աշխատանքներ։ Նմանատիպ աշխատանքներ նախատեսվում են նաև Օրլովկա գյուղում։
Ինչպես տեղեկանում ենք Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանից, հարթեցման աշխատանքները իրականացնում է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը։
Նշենք, որ վերոնշյալ ճանապարհները գտնվում են վատ վիճակում՝ առկա են խորը փոսեր և երբեմն խոշոր քարեր։ Տեղումնառատ եղանակին փոսերը լցվում են ջրով, ինչի հետևանքով երթևեկությունը զգալիորեն բարդանում է։ Բացի այդ, անձրևների ժամանակ ճանապարհները դառնում են ցեխապատ, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում ինչպես ավտոմեքենաների երթևեկության, այնպես էլ հետիոտնի անցուդարձի համար։
NOR ռադիոկայանը բազմիցս անդրադարձել է Եֆրեմովկայի միակ ճանապարհի երկար տարիներ անմխիթար վիճակին։ Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսի 3-ին NOR ռադիոն անդրադարձել էր Եֆրեմովկայի ճանապարհի անմխիթար վիճակին։ Այդ ժամանակ գյուղի ներկայացուցիչը նշել էր , որ կտարվեն ճանապարհի հարթեցման աշխատանքներ, սակայն 2024-ի նոյեմբերի 8-ին կրկին անդրադառնալով այս խնդրին, պարզվեց, որ այդպես էլ չիրականացվեցին հարթեցման աշխատանքները։ Գյուղի բնակիչները հաճախ նշում են, որ նման պայմանները ոչ միայն սահմանափակում են շարժունակությունը, այլ նաև դառնում պատճառ գյուղը լքելու համար։
Եֆրեմովկա գյուղի միակ ճանապարհը կրկին մնում է չվերանորոգված
Եֆրեմովկան կանգնած է ոչ միայն ճանապարհների, այլ նաև մի շարք այլ սոցիալական խնդիրների առաջ։ Գազամատակարարման բացակայության պայմաններում, երկարատև և սառնաշունչ ձմեռները խիստ ծանր են անցնում։ Բնակիչները ստիպված են օգտվել ջեռուցման այլընտրանքային միջոցներից՝ վառելափայտից, ածուխից և աթարից, ինչը բերում է թե՛ ֆինանսական ծանրաբեռնվածության, և թե՛ բնապահպանական վնասների, ինչպես նաև տանջանքներով լի աշխատանքի։
Գյուղը չունի նաև մանկապարտեզ, խմելու ջրի խնդիրը նույնպես շարունակում է մնալ չլուծված։ Այս հիմնախնդիրները ավելի են խորացնում բնակչության սոցիալական մեկուսացումը և սահմանափակում բնակիչների զարգացման հնարավորությունները։