Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարություն են տարածել Վրաստանի վերաբերյալ

Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարություն են տարածել Վրաստանի վերաբերյալ

Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարություն են տարածել Վրաստանի վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանում 2025 թվականի հոկտեմբերի 4-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները «անցկացվել են սահմանափակ միջավայրում՝ «Վրացական երազանքի» ինքնահռչակ պաշտոնյաների կողմից քաղաքացիական հասարակության, անկախ լրատվամիջոցների և քաղաքական ընդդիմության նկատմամբ ամիսներ շարունակ իրականացված ճնշումների համատեքստում»։

«Մենք դատապարտում ենք այն փաստը, որ իշխանությունները փաստացի խոչընդոտել են վստահելի ընտրական դիտորդների ներկայությունը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին ուշացած հրավեր ուղարկելով և քաղաքացիական հասարակությանը սահմանափակելով՝ նրանք խոչընդոտել են տեղական կազմակերպություններին դիտարկել», – ասվում է հայտարարության մեջ։

Եվրախորհրդարանի պատգամավորները նաև մտահոգություն են հայտնում «ընտրություններից հետո փողոցներում տեղի ունեցած բռնի բախումների վերաբերյալ և կոչ են անում բոլորին հանգստության»։

«Մենք կոչ ենք անում «Վրացական երազանքին» դադարեցնել ժողովրդավարության դեմ իր հարձակումները և հարգել հավաքների և խոսքի հիմնարար իրավունքները, դադարեցնել ցուցարարների ձերբակալությունները և ազատ արձակել անօրինական կերպով ձերբակալվածներին։

Մենք նաև դատապարտում ենք Եվրամիության դեմ ավելի ու ավելի ագրեսիվ արշավը, այդ թվում՝ անձնական հարձակումները ԵՄ և անդամ պետությունների դեսպանների, եվրոպացի քաղաքական գործիչների և առանձին անդամ պետությունների վրա», – ասվում է հայտարարության մեջ։

Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտում են ««Վրացական երազանքի» հայտարարված մտադրությունը՝ արգելելու ընդդիմադիր կուսակցությունները, ինչը կդառնա Վրաստանի ավտորիտար կառավարման ուղղությամբ սահքի նոր գագաթնակետը»։

«Մենք կրկին կոչ ենք անում ԵՄ-ին և նրա անդամ պետություններին անհապաղ գործել և անձնական պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանքի» հիմնական քաղաքական առաջնորդների և պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ժողովրդավարական հետընթացի, ընտրակեղծիքների, մարդու իրավունքների խախտումների և քաղաքական հակառակորդների ու ակտիվիստների, մասնավորապես՝ Բիձինա Իվանիշվիլիի և Իրակլի Կոբախիձեի հետապնդումների համար», – ասվում է հայտարարության մեջ։