Եր՞բ կմաքրվի Նինոծմինդան նախընտրական պաստառներից

Եր՞բ կմաքրվի Նինոծմինդան նախընտրական պաստառներից

Նինոծմինդայում դեռևս նախընտրական պաստառները չեն մաքրվել։ Հեռացվել է միայն Ազատություն փողոցում գովազդային վահանակի վրա տեղադրված մեծ պաստառը։

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին NOR ռադիոկայանը կապ հաստատեց Կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանի հետ՝ պարզելու, թե երբ են մաքրվելու նախընտրական պաստառները և միայն Նինոծմինդա քաղաքում են իրականացվելու պաստառների մաքրման աշխատանքները, թե նաև մունիցիպալիտետի գյուղերում, որտեղ ևս դրանք փակցված են։

Անդրանիկ Բդոյանը տեղեկացրեց, որ այս պահին քաղաքապետարանից որևէ հանձնարարություն չեն ստացել։ Նրա խոսքով՝ հնարավոր է, որ մաքրման աշխատանքները կատարեն ակտիվիստները, իսկ եթե համապատասխան ցուցում տրվի քաղաքապետարանի կողմից, ապա Կոմունալ ծառայությունը պատրաստ է զբաղվել այդ հարցով։

Այնուհետև դիմեցինք «Վրացական երազանք» կուսակցության Նինոծմինդայի գրասենյակի ներկայացուցիչ Ջեմալ Խմալաձեին: Վերջինս պատասխանեց, որ շատ շուտով կմաքրվեն։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում, «Վրացական երազանք», «Ժողովրդավարական կառավարություն» կուսակցությունները Նինոծմինդայի մունիցիպալիտետի տարբեր վայրերում, հատկապես՝ Նինոծմինդա քաղաքում, փակցրել էր մեծ թվով գովազդային պաստառներ։ Այս պահին դրանք շարունակում են մնալ իրենց տեղերում։

Հավելենք, որ անցած տարի Նինոծմինդայում ընտրական պաստառների մաքրման աշխատանքները իրականացվել է Նինոծմինդայի կոմունալ ծառայության կողմից։

Վրաստանի ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քարոզչական նյութերը կարող են տեղադրվել շենքերի և այլ օբյեկտների վրա՝ դրանց սեփականատերերի համաձայնությամբ։

Վրաստանի ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 8-րդ կետի (Գովազդային նյութեր) համաձայն՝

Վերջնական արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո 15 օրվա ընթացքում համապատասխան ընտրական սուբյեկտները (այսինքն՝ կուսակցությունները) պարտավոր են ապահովել քարոզչական նյութերի հեռացումը, հակառակ դեպքում նրանք կենթարկվեն Վրաստանի օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության։