
Ադրբեջանը ներդրումներ է կատարում Լոնդոնի օդանավակայանում
Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը գործընկերության մեջ է մտել ամերիկյան Global Infrastructure Partners (GIP) ընկերության հետ, որը BlackRock-ի մաս է կազմում, Լոնդոնի Գատվիկ օդանավակայանում 50 միլիոն ֆունտ ստեռլինգ ներդնելու համար, ասվում է հիմնադրամի մամուլի հաղորդագրության մեջ, ինչպես հաղորդում է epravda-ն։
Սա ադրբեջանական հիմնադրամի կողմից եվրոպական շուկայում կնքված ամենամեծ ենթակառուցվածքային գործարքներից մեկն է։
Գատվիկը Մեծ Բրիտանիայի երկրորդ ամենածանրաբեռնված օդանավակայանն է, որը տարեկան սպասարկում է ավելի քան 40 միլիոն ուղևորի։ 2024 թվականին այն Եվրոպայի 10-րդ ամենածանրաբեռնված օդանավակայանն էր ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալով։
Օդանավակայանը պատրաստվում է խոշոր ընդլայնման, այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաստատեց Հյուսիսային թռիչքուղու նախագիծը։
2019 թվականին VINCI Airports-ը GIP-ից ձեռք բերեց Գատվիկ օդանավակայանի 50.01% բաժնեմաս։ Մնացած բաժնետոմսերը կառավարվում են GIP-ի կողմից՝ SOFAZ-ի և այլ համաշխարհային ինստիտուցիոնալ ներդրողների հետ միասին։
«Այս ներդրումը արտացոլում է Ադրբեջանի հիմնադրամի ռազմավարական նպատակը՝ ստեղծել երկարաժամկետ արժեք և հետագայում դիվերսիֆիկացնել իր պորտֆելը զարգացած շուկաներում կայուն ենթակառուցվածքային ակտիվներում ներդրումներ կատարելով», – ասվում է հայտարարության մեջ։