
Ռոզա Աբաջյանը՝ բլոգեր, բիզնեսում ակտիվ և ընտանիքին նվիրված կին, ով իր խոհանոցի ջերմությամբ ու անկեղծությամբ գրավում է հազարավոր հետևորդների սրտեր։ Ախալքալաքից սկիզբ առած այս պատմությունը ոչ միայն համերի, այլև երազանքների, աշխատասիրության ու սիրով արված ամենօրյա աշխատանքի մասին է։
Ռոզա Աբաջյանը ծնվել է երաժիշտների ընտանիքում։ Նրա արմատները Կարծախ գյուղից են, իսկ մանկությունն ու պատանեկությունը անցկացրել է Ախալքալաքում։ Ռոզան ավարտել է Ախալքալաքի Մինաս Տեր-Մինասյանի անվան դպրոցը, այնուհետև սովորել Երևանում՝ համակարգչային օպերատորի մասնագիտությամբ։
Այսօր նա հաջողությամբ միավորում է մի քանի ոլորտ՝ զբաղվում է ցանցային բիզնեսով և աշխատում է որպես «Ֆաբերլիկ» ընկերության մենեջեր։
Ռոզան ունի մայրիկ և երկու դուստր։ Նրա հայրը, ով կյանքից հեռացել է վաղաժամ, եղել է Ռոզայի կյանքի մեծ ներշնչանքը։ Չնայած փորձություններին՝ բլոգերը շարունակում է քայլել առաջ՝ սիրով, աշխատասիրությամբ ու անկեղծությամբ։
Բլոգինգով Ռոզան սկսել է զբաղվել 2019 թվականին՝ իր ինստագրամյան էջում կիսվելով առօրյայով ու ընտանիքի սիրելի ուտեստներով։ Սկզբում նա պարզապես տեսանյութերում պատմել է իր կյանքի մասին, սակայն ամեն ինչ փոխվել է այն պահին, երբ մի անգամ պատրաստում և տեղադրում տեսանյութ՝ փենիր փափասիով։
Տեսանյութը մեծ արձագանք է ստացել, և դրանից հետո նա որոշել է շարունակել ֆուտբլոգերությունը։

«Ես պատրաստում եմ այն, ինչ ուտում է իմ ընտանիքը։ Սիրում եմ, երբ հավաքվում ենք հարևաններով, բարեկամներով, և ես կարողանում եմ հյուրասիրել ինչ-որ բան՝ անկախ ժամից կամ հոգնածությունից»,- պատմում է Ռոզան։
Նրա խոհանոցը լի է ավանդական ուտեստներով ու ջերմությամբ` փենիր փափասի, ավելուկով բանջար, փոխինդ և այլ ուտեստներ։
«Ինչ էլ որ պատրաստում եմ, դրանով կիսվում եմ։ Երբ կիսվում ես սիրով, ամեն ինչ ստացվում է ավելի գեղեցիկ։ Ես չեմ հոգնում խոհանոցից ու պատրաստելուց։ Կապ չունի՝ որ ժամին կամ որ րոպեին է, եթե որևէ հյուր ունեմ, մեծ ուրախությամբ ինչ-որ բան եմ պատրաստում ու հյուրասիրում»,- ասաց Ռոզան։
Բացի խոհանոցից՝ բլոգերը հետաքրքրվում է գեղեցկության ոլորտով։ Նա անցել է վարսավիրության դասընթացներ և այսօր արդեն ունի ցանկություն ապագայում բացել սեփական գեղեցկության սրահը։

Ռոզա Աբաջյանը օրինակ է այն կանանց, ովքեր կարողանում են համատեղել ընտանիքը, աշխատանքը, բլոգինգը և երազանքները՝ ամեն ինչ անելով սրտով ու հոգով միևնույն ժամանակ ուշադրություն չդարձնելով ուրիշների կարծիքներին։
Մանրամասները տեսանյութում․

