Ստրասբուրգի դատարանը ՌԴ-ին պարտավորեցրել է Վրաստանին վճարել առնվազն 253 մլն եվրո

Ստրասբուրգի դատարանը ՌԴ-ին պարտավորեցրել է Վրաստանին վճարել առնվազն 253 մլն եվրո

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Ստրասբուրգի դատարան) այսօրվա՝ 2025 թվականի հոկտեմբերի 14-ի որոշմամբ, Ռուսաստանը պետք է Վրաստանին վճարի ավելի քան 253 միլիոն եվրո՝ 2008 թվականի պատերազմից հետո սահմանային գծերի խստացման պատճառով մարդու իրավունքների խախտման համար։

Վճիռը վերաբերում է «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գործի IV փուլին։

Ստրասբուրգի դատարանի այս որոշմամբ նշված գումարը պետք է օգտագործվի 29 հազարից ավելի այն մարդկանց փոխհատուցելու համար, որոնք տուժել են, այսպես կոչված, «բորդերիզացիայի» (սահմանազատման) գործընթացի հետևանքով մարդու իրավունքների համակարգային խախտումներից։

«2024 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ Դատարանը սահմանեց, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առումով Ռուսաստանի ձեռնարկած խախտումներն ունեին համակարգային բնույթ՝ ուժի չափազանցված կիրառման, անպատշաճ վերաբերմունքի, ապօրինի կալանքի, ամենօրյա տեղաշարժի ապօրինի սահմանափակման և տներին ու հողատարածքներին ապօրինի հասանելիություն տրամադրելու, սահմանափակումների, նաև վրացերեն կրթություն ստանալու մերժման ձևով»,- ասված է որոշման մեջ։

2024 թվականի ապրիլի 9-ին Ստրասբուրգի դատարանը միաձայն սահմանեց, որ խախտվել են Կոնվենցիայի հետևյալ հոդվածները.

• Հոդված 2 (Կյանքի իրավունք)

• Հոդված 3 (Անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունք)

• Հոդված 5-ի առաջին կետ (Ազատության և անվտանգության իրավունք)

• Հոդված 8 (Անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք)

• Առաջին արձանագրության հոդված 1 (Սեփականության իրավունքի պաշտպանություն)

• Հոդված 2 (Կրթության իրավունք)

• Չորրորդ արձանագրության հոդված 2 (Տեղաշարժի ազատություն)։

«Այսօրվա որոշումը Ռուսաստանի դեմ հաղթած պատմական գործերի տրամաբանական շարունակությունն է…
Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի Դաշնությունն այլևս Եվրոպայի խորհրդի անդամ չէ, շարունակում է իրավաբանորեն պարտավորված լինել կատարել որոշումները։
Վերը նշված որոշումների կատարման ուղղությամբ աշխատանքներն ընթանում են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի շրջանակներում՝ Վրաստանի ակտիվ մասնակցությամբ», — նշել է Արդարադատության նախարարությունը։