
Վրաստանում հացի գները երեկ՝ հոկտեմբերի 15-ին բարձրացել են, երկրի սուպերմարկետների ցանցեր մատակարարող երկու խոշորագույն ընկերությունների 410 գրամանոց և 530 գրամանոց ստանդարտ հացերի գները բարձրացել են 5-10 թեթրիով։
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին NOR ռադիոկայանի լրագրողները շրջեցին Նինոծմինդայի հացի փռերով՝ պարզելու, թե արդյոք տեղի է ունեցել ալյուրի կամ հացի գների փոփոխություն Նինոծմինդայում ևս։
Տեղի հացի փռերից մեկում վստահեցրին, որ գների փոփոխություն չի եղել․ «Հացի գինը նույնն է, իսկ 2 ամիս առաջ մեծածախ ալյուրը գնում էինք 64 լարիով 62-ի փոխարեն»,- հայտնեց փռի աշխատակիցներից մեկը։
Մեկ այլ փռում ևս տեղեկացրին, որ թեև շուկայում երբեմն նկատվում են տատանումներ, այս պահին ոչ ալյուրի, ոչ էլ հացի գները չեն փոխվել։ «Նման փոփոխություն չենք ունեցել, և մոտակա ժամանակներում էլ հացի թանկացում նախատեսված չէ»,- նշեցին այնտեղից։
Միևնույն ժամանակ, որոշ բնակիչներ բարձրաձայնեցին հացի քաշի նվազման մասին։ Նրանց խոսքով՝ թեև գինը չի փոխվել, սակայն հացի քաշը նախկինի համեմատ նվազել է։ «Մեկ հաց գնում ես, բայց զգացվում է՝ քաշը պակաս է։ Միգուցե գինը նույնն է, բայց ոչ քաշը»,- ասաց բնակիչներից մեկը։