
Նինոծմինդայի մունիցիպալիտետում ակտիվորեն ընթանում են դպրոցական օլիմպիադայի խաղերը։ Սա թվով երրորդ օլիմպիադան է, որը համախմբել է ինչպես Նինոծմինդայի, այնպես էլ մունիցիպալիտետի գյուղերի դպրոցների աշակերտներին։
Օլիմպիադայի շրջանակում անցկացվում են մի շարք սպորտային մրցումներ՝ թենիս, ֆուտբոլ, վազք և այլ մարզաձևեր։

Ֆուտբոլի մրցաշարի ժամանակ, որը կայացավ երեկ, աղջիկների խմբային փուլում հաղթող ճանաչվեց Օրոջալարի թիմը, իսկ տղաների խմբում հաղթանակ գրանցեց Սպասովկայի դպրոցականների թիմը։ Հաղթող թիմերը ստացան դիպլոմներ։
Վազքի մրցումներում ևս աչքի ընկավ Օրոջալարի աղջիկների խումբը՝ գրանցելով հաղթանակ։ Տղաների խմբում առաջին տեղը գրավեց Նինոծմինդայի թիվ 2 դպրոցի թիմը։

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր մարզաձևում հաղթող ճանաչված թիմը կստանա հնարավորություն ներկայացնելու Նինոծմինդայի մունիցիպալիտետը տարածաշրջանային մրցաշարերում։

