Գիտնականները հայտնաբերել են երկու նյութերի համադրություն, որը կարող է երկարացնել կյանքը

Գիտնականները հայտնաբերել են երկու նյութերի համադրություն, որը կարող է երկարացնել կյանքը

Օքսիտոցին հորմոնի եւ Alk5 ֆերմենտի համակցված գործողությունը կարող է զգալիորեն երկարացնել տարեց որձ մկների կյանքը։ Այսպիսի եզրակացության են եկել Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Aging ամսագրում։

Օքսիտոցինը հայտնի է որպես «կապվածության հորմոն», որը կարեւոր դեր է խաղում սոցիալական կապերի ձեւավորման եւ սթրեսի նվազեցման գործում: Alk5 ինհիբիտորը (նշանակված է որպես A5i) ճնշում է տարիքային փոփոխությունների եւ բորբոքման հետ կապված սպիտակուցի ակտիվությունը: Գիտնականների կարծիքով՝ այս ազդեցությունները միասին կարող են դանդաղեցնել ծերացման գործընթացը:

Փորձարկումներին մասնակցել են 25 ամսական (մարդկանց մոտ 75 տարեկանին համարժեք տարիք) կրծողներ:

Մկներին պարբերաբար տրվել է համակցված դեղամիջոց: Արդյունքում՝ բուժում ստացող արուների կյանքի միջին տեւողությունը 73 տոկոսով եւ ընդհանուր գոյատեւման մակարդակը 14 տոկոսով ավելացել է վերահսկիչ խմբի համեմատ: Նրանք նաեւ ցույց են տվել հիշողության, շարժողական համակարգման եւ ֆիզիկական ակտիվության բարելավում, մինչդեռ արյան մեջ ծերացման բիոմարկերները մոտեցել են երիտասարդ առանձնյակների ցուցանիշներին:  

Գիտնականների խոսքով՝ թերապիան արդյունավետ է եղել միայն որձերի համար։ Էգերի մոտ կյանքի տեւողության էական փոփոխություններ չեն նկատվել։ Այս տարբերությունների պատճառները մնում են անհասկանալի. հետազոտողները նախատեսում են շարունակել փորձարկումները՝ օքսիտոցինի եւ Alk5 ինհիբիտորի գործողության մեխանիզմներն ավելի լավ հասկանալու համար։

Ստացված արդյունքները հեռանկարներ են բացում ակտիվ կյանքը երկարացնելու եւ տարիքային խանգարումների դեմ պայքարելու նոր մոտեցումներ մշակելու համար։ Սակայն մասնագետներն ընդգծել են, որ նման մեթոդների կիրառումը պահանջում է անվտանգության եւ արդյունավետության լուրջ ստուգումներ։