
Մյունխենի տեխնիկական համալսարանի կլինիկայի բժիշկները էլեկտրոնային փոխանցիչ են տեղադրել պարանոցից ներքև կաթվածահարված 25-ամյա բուժառուի ուղեղում, գրում է գերմանական DW պարբերականը։ Ուղեղին միացվել է ընդհանուր առմամբ 256 միկրոէլեկտրոդ՝ նյարդային ազդանշանները գրանցելու համար։ Արհեստական բանականությամբ աշխատող սարքը կուսումնասիրի և կվերծանի ազդանշանների և բուժառուի վերջույթների շարժումների միջև եղած կապը։
Ակնկալվում է, որ առաջին փուլում բուժառուն կկարողանա մտքում շարժել կուրսորը համակարգչային մոնիտորի վրա և վերարտադրել մկնիկի սեղմումը։ Հաջորդ քայլը կլինի սմարթֆոնի և ռոբոտացված ձեռքի կառավարումը։
Վիրահատությունը տևել է հինգ ժամ և առաջինն էր Եվրոպայում ողնուղեղի կաթվածահարություն ունեցող բուժառուի համար։ 2022 թվականին նույն կլինիկան նմանատիպ սարք է տեղադրել կաթվածի պատճառով խոսքի խանգարումներ ունեցող բուժառուի օրգանիզմում։
Մյունխենի բժիշկները Միացյալ Նահանգները նշել են որպես այս նոր տեխնոլոգիայի մշակման գլխավոր մրցակից։ Այնտեղ, դեռևս 2024 թվականի հունվարին, Իլոն Մասկի Neuralink ընկերությունն առաջին անգամ մարդու ուղեղում նեյրոչիպ տեղադրեց, որը մարդուն հնարավորություն տվեց մտքի միջոցով կառավարել սարքերը։

