
Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հայտարարել է, որ նախօրեին երկրի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի, նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի, ինչպես նաև նրանց հետ կապված անձանց և այլ նախկին պաշտոնյաների տներում կատարված խուզարկությունների արդյունքում առգրավվել է մոտ յոթ միլիոն դոլարի կանխիկ գումար։
Գերատեսչությունը հայտնում է, որ բացի կանխիկ գումարից հայտնաբերվել և առգրավվել են նաև թանկարժեք զարդեր, ժամացույցներ, արվեստի գործեր, փաստաթղթեր, էլեկտրոնային սարքավորումներ։
Վրաստանի իշխանությունները դեռևս չեն հստակեցնում, թե ինչ գործի շրջանակում են երեկ երկրի ուժայինները լայնածավալ հատուկ գործողություններ իրականացրել իշխող ուժի երբեմնի ազդեցիկ անդամների և նրանց հետ փոխկապակցված անձանց տներում։